«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։
–Պարոն Այվազյան, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կատարած այցից հետո Հաջիեւի ուղերձները փոխանցեցին հայ հասարակությանը, հայտարարեցին, թե իբր Բաքուն պատրաստ է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս այցերը, եւ արդյոք կարելի՞ է հավատալ ադրբեջանական կողմի հայտարարություններին։
-Մենք տեսել ենք, որ Բաքու կատարած այցին նախորդել էր Ադրբեջանի այսպես կոչված քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան։ Տեսել ենք նաեւ Ադրբեջանի պատվիրակության մեջ հայտնի «խաղաղասեր» տիկնոջ ներկայությունը, որն ակտիվորեն մասնակցում էր Արցախի ապօրինի շրջափակման գործողություններին, այսպես կոչված «էկոակտիվիստների» բեմականացմանը։ Այդ շրջափակումը եւ նաեւ ադրբեջանական ագրեսիան բերեցին Արցախի ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանական գործողության եւ Արցախի հայաթափման։ Կարելի՞ է հավատալ, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության։
Ադրբեջանի ձգտումների մասին խոսում է Ադրբեջանի Սահմանադրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասը համարվում են «Ադրբեջանի մաս»։ Ադրբեջանի «խաղաղության պատրաստակամության» մասին խոսում է հայատյացության այն բարձր աստիճանը, որը ոչնչով չի թուլացել Վաշինգտոնյան հայտարարությունից հետո։ Ալիեւը շարունակում է պահանջատիրական դիրքերից հանդես գալ՝ Հայաստանից պահանջելով փոփոխել Սահմանադրությունը՝ նաեւ բարձրացնելով այսպես կոչված «անկլավների» հարցը։ Այնինչ, Տիգրանաշենն ու Տավուշի մարզի այդ տարածքները ոչ պատմական, ոչ իրավական առումով կապ չունեն ներկայիս Ադրբեջանի հետ։ Ալիեւն իրենց Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրած միջոցառման ժամանակ, ինքն իրեն մեջբերելով, կրկնել է, որ ադրբեջանցի թուրքերը պետք է մեքենաներով վերադառնան իրենց «պատմական հայրենիք», այսինքն՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածք։ Նա հայկական տարածքները անվանում է ադրբեջանական անուններով՝ Սեւանա լիճը «Գյոյչա», Հայաստանը՝ «արեւմտյան Ադրբեջան» եւ այլն։
Կարդացեք նաև
Ադրբեջանը շարունակում է զինվել՝ զենք ձեռք բերելով տարբեր երկրներից, հայտարարելով, որ եթե պետք լինի, նաեւ ուժով «կբացի Զանգեզուրի միջանցքը»։ Հայ ազգին վերջին բառերով վիրավորում են ու կասկածի տակ դնում մեր պետականության գոյության իրավունքը։ Այս ամբողջ շղթան շատ ավելի ծանրակշիռ ապացույցներ են, քան այն խոսույթը, թե իբր նրանք «խաղաղության են ձգտում»։ Նրանց բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ հող են նախապատրաստում հնարավոր նոր ռազմական ագրեսիայի մասին։ Այդ թվում՝ Բաքվում բեմականացված այդպես կոչված «դատավարություններն» են օգտագործում այդ նպատակով։
Մի ագրեսոր, ոչ ժողովրդավար պետություն փորձում է դատել Արցախի Հանրապետության ղեկավարությանը։ Իրականության մեջ նրանք դա անում են ոչ թե այդ անձանց համար, այլ փորձում են ճնշումների միջոցով իրենց համար հարմար հայտարարություններ կորզել՝ դատելու ամբողջ հայ հասարակությանը՝ ներկայացնելով հայ հասարակությանը որպես ագրեսոր, իսկ Արցախի ղեկավարությանը՝ որպես իբր թե «խամաճիկային դրածոների» կառավարություն եւ «օկուպացիոն ռեժիմ»։ Նպատակն այն է, որ իրենց համար ստեղծեն հիմքեր, որպեսզի կարողանան Հայաստանի դեմ տարբեր միջազգային ատյաններ հայցեր ներկայացնել։ Փորձելու են ներկայացնել, թե հայ ժողովրդի այս ամբողջ 30 տարիների պայքարը եղել է «օկուպացիա»։
Իրենք նաեւ հայտարարել են, թե իբր հայերի կողմից «ցեղասպանական գործողություններ» են տեղի ունեցել։ Փորձում են տարբեր մեթոդներով այդ ցուցմունքները կորզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Նրանց հայտարարությունները պարզ ցույց են տալիս իրենց նպատակադրումն այս ուղղությամբ։ Եվ փաստացի նրանք փորձում են կեղծ «նյուրնբերգյան դատավարություն» ստեղծել այնտեղ։ Իսկ իրականում հենց ադրբեջանական կողմը պետք է պատասխանատվություն կրի արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, պետք է փոխհատուցում տա տարածքային եւ նյութական վնասների համար։ Եվ նաեւ պետք է լուծի արցախցիների վերադարձի խնդիրները։ Փոխանակ մենք այդ ուղղությամբ աշխատենք, Ադրբեջանն է փորձում մեզ ինչ-որ բանում մեղադրել եւ կոնկրետ քայլեր է այդ ուղղությամբ անում։
Մենք թերագնահատում ենք այն վտանգը, որը գալիս է Բաքվի կեղծ «դատավարություններից»։ Իրենք հետայսու իրավունք կունենան Հայաստանից պահանջել, որ ցանկացած անձի, որը ներգրավված է եղել Արցախյան ազատագրական շարժման մեջ՝ այդ անձինք պետք է մեղադրվեն որպես «ահաբեկչության» օժանդակող կամ ֆինանսավորող։ Ցանկացած մարդու նկատմամբ, ով այդ 30 տարիների ընթացքում ծառայել է Արցախում կամ ուղղակի այցելել է Արցախ, կարող է Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարվել։ Այսինքն՝ այս գործողություններով Ադրբեջանը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին, մեզանից յուրաքանչյուրին։ Այդ վտանգը չի կարելի թերագնահատել։
Իսկ հավատալ, որ Ադրբեջանն ինչ-որ խաղաղության է ձգտում, միամտություն է։ Ադրբեջանի պատերազմի օրակարգը երբեք փակ չի լինելու, որովհետեւ Ադրբեջանի իշխող նացիստական ռեժիմի համար դա է միակ բանալին՝ իշխանության մնալու համար, այսինքն՝ հայատյացությունը։ Երկրի բոլոր խնդիրների մեջ հայերին մեղադրելու քաղաքականությունն իրենց մոտ չի փոխվել։ Ուստիեւ, խաղաղության մասին խոսելն անիմաստ է եւ միակողմանի։ Դա մեր ցանկությունից չի կախված, Ադրբեջանը գործով է ապացուցել, որ ինքը չի պատրաստվում խաղաղության եւ ամբողջ թափով պատրաստվում է նոր սադրանքի։ Այո, դա նրանց պետք է, դա նրանց օրակարգից որեւէ վայրկյան դուրս չի եկել։ Նրանք փորձում են թմրեցնել մեր ինքնապահպանության բնազդը՝ միաժամանակ բոլոր ճանապարհներով սպառնալով մեր պետականությանը։
–Այսինքն՝ եթե իրոք հաշտեցման մասին է խոսում Ադրբեջանը, այս փուլում կարող էր գոնե ինչ-որ քայլ անել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, ճի՞շտ է։ Այնինչ, Բաքու այց կատարած անձինք հայտարարեցին, թե կոնկրետ այդ հարցը քննարկման առարկա չի դարձել։
-Ադրբեջանական կողմը չի համարում, որ ինքը գերիներ է պահում, իրենք բոլորին համարում են այսպես կոչված «ռազմական հանցագործներ» եւ «ահաբեկիչներ»։ Այնպես որ, իրենք անգամ չեն էլ քննարկում, որ ռազմագերի ունեն եւ պետք է վերադարձնեն, ադրբեջանական օրակարգում այդ հարցը գոյություն չունի։ Այսպես կոչված «խաղաղության օրակարգում» նույնպես այդ հարցը գոյություն չունի։
Մենք չպետք է խաբվենք ադրբեջանական ստերին, թե իբր ուզում են ապաշրջափակել Հայաստանը։ Մենք պետք է հիշենք, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանը ներթուրքական անկլավի վերածել եւ նույն այն ճակատագիրն է պատկերացնում ՀՀ համար, ինչ արեցին ժամանակավորապես օկուպացված Արցախի հետ, այսինքն՝ շրջափակում ու բնակչության դուրս մղում երկրից։ Նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց պատկերացրած Հայաստանը 1918 թվականի Բաթումի ապօրինի պայմանագրով գծված սահմաններով է՝ ոչ ավելի, քան 10 հազար քկմ։ Իլհամ Ալիեւը լկտիությամբ ի՞նչ խաղաղության մասին է խոսում, եթե Ադրբեջանի մեջլիսում լրջորեն քննարկվում է, թե իբրեւ «Ադրբեջանն իր հողերից Հայաստանին փոխանցեց ադրբեջանական Երեւան քաղաքը»։ Ո՞ւմ հետ ենք խոսում խաղաղության մասին, նրանց հետ, ովքեր տենչում են մեր պետականության ոչնչացո՞ւմը, իսպառ վերացո՞ւմը։ Մեզնից չէ կախված խաղաղության օրակարգը, նրանց համար պատերազմի էջի չի փակվել, ոչ էլ փակվելու է։
Եթե Ադրբեջանը խաղաղության ուղղությամբ իրոք քայլեր աներ, դա պետք է լիներ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը, այդ շինծու դատավարությունների չեղարկումը։ Պետք է ուղիղ երկխոսության մտնեն Արցախի վտարանդի ղեկավարության, բնակչության հետ, որ այդ մարդիկ շուտափույթ վերադառնան իրենց տները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերեի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքներից։ Սահմանազատումը կարող ենք սկսել Գեղարքունիքից, Սեւ լճի ուղղությունից, ոչ թե շարունակել Տավուշում կամ Արարատում, որպեսզի նրանք հավակնեն Տիգրանաշենին կամ էլ Տավուշի տարածքներին։
Բայց մենք տեսնում ենք, որ նրանք որտեղ իրենց արյունոտ մատը դնում են, այնտեղ էլ փորձում են չակերտավոր սահմանազատում ու սահմանագծում անել։ Այսպես կոչված «անկլավները» պահանջելով, նրանք նաեւ տրանստերիտորիալ միջանցքներ են պահանջելու, որպեսզի բեռների ու մարդկանց տեղափոխում իրականացնեն։ Իսկ ովքե՞ր են պահպանելու նրանց անվտանգությունը։ Այս հարցերի մասին մենք պետք է խոսենք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































