Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ սրբազանը հերքում է, թե ինքն է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քահանային հրահանգել՝ «էդ մի ասա»

Նոյեմբեր 25,2025 16:47

Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ «էդ մի ասա» խոսքերը ինքը չի ասել պատարագը մատուցող քահանային:

Հարցին՝ Ձեզ հանձնարարվել էր ուսումնասիրել՝ պատարագիչ քահանան ինչո՞ւ է զեղչել կաթողիկոսի անունը, ուսումնասիրեցի՞ք, ի պատասխան Աբրահամ սրբազանն ասաց. «Ուսումնասիրել եմ, պատարագի այդ հատվածում էդ «մի ասա»-ն ես չեմ ասել: Այդ ընթացքը շուտով կներկայացվի ժողովին, ժողովը որոշում կկայացնի: Ես ունեմ պատասխանը՝ ինչու, ինչպես»:

Հաջորդ հարցին՝ պարզե՞լ է, թե ով է ասել այդ խոսքերը, Աբրահամ սրբազանն այլ պատասխան տվեց. «Դա այն եզակի պատարագներից էր, որ ես ամբողջ ընթացքում աղոթում էի մեր երկրի ու ժողովրդի համար»:

Հաջորդ հարցին, եթե այսօր որոշվի, որ կարգալույծ պետք է արվեն բոլոր այն բարձրաստիճան հոգեւորականները, որոնց ներկայությամբ կանոնական խախտումներով պատարագն անցկացվեց, ի՞նչ կանեք, պատասխանեց. «Ժողովի որոշումը, երբ կքննարկվի, կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար: Որեւէ ժողովական որոշում, որին ներկա են եպիսկոպոսների մեծամասնությունը ու որոշում է կայացվում, ընդունելի է բոլորի համար»:

Նա պատմեց, որ պատարագից առաջ հանդիպել է Վեհափառ հայրապետին, նա ասել է՝ ինքը պարտավոր է ներկա լինել պատարագին, որ նայի կողքից միջամտումներ չլինեն, ընթացքը լինի սովորական. «Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է, ներկա են եղել վարչապետն ու ուրիշ մարդիկ: Վարչապետը՝ ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին, արտառոց բաներ չեմ տեսնում»:

Սրբազանը Հայրը պատասխանեց իր ունեցվածքի մասին հարցերին, չհերքեց, որ Jaguar է վարում, բայց ժամանակավոր է վարում, իրենը չէ։

Հարցին՝ իսկ ճի՞շտ է, որ գնացել է սալոն, ցանկացել է Jeep grand Cherokee գնել, բայց «շատ ճոխ է թվացել, ավելի էժանն է գնել»՝ Սրբազանն արձագանքեց. «Այո՛, չէի կարող առնել, առա հինգ տարվա հնության ջիպ»:

Անդրադառնալով ՀԷԿ ունենալու լուրերին, ասաց՝ իրենը չէ. «Դա եղել է նպատակային, ծրագրային, եկամուտները ֆիքսված օգտագործվել են նրա համար, ինչի համար պետք է եղել: Դա երբեք իմ սեփականությունը չէ ու չէր, դա ինձ հետ որեւէ կապ չունի կամ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրերը, որոնք կարող եմ մեր մարզին օգտակար լինել, լինում են:

Այն ժամանակ ՀՀ-ում հոսանք չկար, կառավարությունը՝ բոլորը, ցանկանում էին, որ կառուցեն այդպիսի կառույցներ, որ հոսանքը դառնա 2-ից երեք ժամ, եպիսկոպոսը կազմակերպում է ժողով ՝ դոնոր կազմակերպությունների է դրսից հրավիրում, փորձում է իր գոնե թեմի հարցերին լուծումներ գտնել: Ստացված եկամուտները ես չեմ տնօրինել, ես հարուստ եմ հոգեպես»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930