«Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով ՄՀՀ-ում Հայաստանի պետական մարմինների առաջին համաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Ես այդ ելույթը չեմ լսել ու ցանկություն էլ չունեմ: Այդ հավաքից լուսանկար եմ տեսել եւ նմանեցնում եմ Սովետական Միության օրերի Партийно-хозяйственный актив-ին: Այն ժամանակ դեռ հասկանալի էր. մեկ քաղաքական ուժ, մեկ կուսակցություն էր կառավարող: Այստեղ լրիվ ուրիշ էր:
Ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը խուճապային տրամադրության մեջ է, որովհետեւ հասկանում է, թե իրական ինչ վարկանիշ հիմա ունի: Լավագույն դեպքում դա 15 % է: Ինքն էլ է հասկանում, որ կարող է դա շատ ավելի քիչ լինել:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ոչ ոք չի կարող ասել, թե երբ կլինի կամ կլինի՞, թե չի լինի: Այս անձին եթե թույլ տանք մնալ եւ շարունակել նույն քաղաքականությունը, շատ հնարավոր է, որ երբ տեսնի իր ճգնաժամն է գալիս, կարող է մի իրավիճակ ստեղծել, որպեսզի միանգամից հայտարարի արտակարգ դրություն, հետաձգի ընտրությունները եւ այլն եւ այլն:
Պատահական չի, որ սահմանադրության վերաբերյալ հիմա է սկսել խոսել, որովհետեւ այդպիսին է Ադրբեջանի պահանջը: Ադրբեջանը դա չի էլ թաքցնում, Ալիեւը պայման է դրել, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար պետք է ընդհանրապես Սահմանադրությունից հեռացնել Անկախության Հռչակագրի վերաբերյալ հղումը: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք եւ Արցախից, եւ Ցեղասպանության խնդիրը չպետք է բարձրացնենք: Այսինքն, մեր ազգային ինքնությունը մոռանանք միանգամից:
Կարդացեք նաև
Հատուկ ուզում եմ շեշտել, որ մի բան զարմանալի չէ ինձ համար. այս տղան ավելի անկեղծ է, քան շատերը: Ես չեմ կարդացել եւ չեմ էլ կարդալու նրա գիրքը: Ինքը շատ լավ ուսումնասիրել է կյանքի հակառակ կողմը եւ այդպիսին է իր էությունը: Ինքը չի էլ թաքցրել: Ինձ այդ գրքից դրվագներ են պատմել: Մարդը, փաստորեն. ասում էր, որ Արցախը, Արեւմտյան Հայաստանը մեզ պետք չեն: Սա ըստ երեւույթին բլեյանանիկոլական գաղափարախոսություն է, որը փաստորեն հաշվի չի առնում, թե թշնամին իրականում ինչ է ուզում մեզանից: Իսկ թշնամին չի թաքցնում, որ դուք անպայման պետք է ինձ հնարավորություն տաք, որպեսզի ես իմ մեծ թուրանի պլանն իրականացնեմ: Ասում է՝ լավագույն դեպքում ձեզ չգիտեմ ինչի տեղ կդնեմ, բայց համենայն դեպս այլեւս որպես պետություն չեք լինի: Այն, ինչ իրենք անում են, դա է նշանակում: Ու դու քեզ միամիտի տեղ չդնես: Այսօր, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները, որ գնացին Բաքու, եկել ու ի՜նչ հիացմունքով են խոսում, թե իրենց ինչպես ընդունեցին, ինչ ասացին: Այսինքն այն, որ քո երիտասարդ զինվորների գլուխը կտրում՝ «ֆուտբոլ էին խաղում», դա նույն թուրքը չի, նույն ադրբեջանցին չի: Սաֆարովը, որ կացնահարեց քնած հայ սպային, ինքը ադրբեջանցի չի: Ստացվում է, որ կան լավ կամ վատ ադրբեջանցինե՞ր: Կամ միանգամից լավացե՞լ են:
Սահմանադրության հետ կապված խնդիրը ամփոփեմ հետեւյալ կերպ: Սահմանադրությունը չի կարող փոխվել Նիկոլի օրոք: Բացառվում է: Եթե ասում են, որ դա կլինի ընտրություններից հետո, այստեղ ընդդիմությունը շատ լուրջ խնդիր ունի որոշակի շատ լուրջ միավոր ստեղծելու, համապատասխան այլընտրանքային ծրագիր ներկայացնելու: Այսինքն, ժողովուրդը պետք է հասկանա՝ այնպես չի, որ հանկարծ նիկոլը չլինի, մենք կմեռնենք, պետություն չենք ունենա ու էլի չգիտեմ ինչեր: Սա դասական ռեպրեսիվ ապարատի ղեկավար է, բայց չի հասկանում, որ հետո էլ իրեն են ռեպրեսիայի ենթարկելու: Միշտ այդպես է: Բումերանգի հատկությունը կյանքում միշտ եղել է եւ լինելու է: Ոնց վարվես, այնպես էլ քո հետ կվարվեն:
Մեզնից պահանջվում է ոչ միայն խոսք, վերլուծություն, այլ կոնկրետ գործ: Դա շատ պարզ է. քաղաքական բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն պատկերացումները, թե ես պիտի լինեմ: Այսօր ամենագլխավոր խնդիրն այն է, որ այս իշխանությունը կա: Իսկ քաղաքական ուժերը՝ ձուկը ջրում՝ բազար են անում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































