Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալ է, հերթական անգամ կալանավորված խոսքի համար, որը դեռևս ռոմանտիկորեն հավատում է արևմտյան արժեքներին». Լուսինե Առաքելյան

Նոյեմբեր 25,2025 20:25

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որի սկավառակն ու տեքստն AntiFake.am-ի խմբագրությունն առձեռն կհանձնի դեսպանատուն։

 

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Պատվարժան դեսպան Քրիստինա Քվին,

Ես Լուսինեն եմ` իր ազատ խոսքի իրավունքն իրացնելու պատճառով արդեն երկրորդ անգամ երկու ամսով կալանավորված քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը:  Իր նախորդ կալանավորման ժամանակ ամուսինս բանտից բաց նամակով դիմել էր ձեզ` հորդորելով ձեզ խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքը ճնշելու իշխանությունների արատավոր պրակտիկայի մասին: Չգիտեմ, արդյոք ամուսնուս նամակը հասել է ձեզ, թե ոչ, քանի որ ձեզնից այդպես էլ պատասխան չստացվեց: Այս անգամ դիմում եմ ձեզ ես, քանի որ ցավալի է հետևել, թե ինչպես են ազատ խոսքի հիման վրա ստեղծված պետության ներկայացուցիչները լռում մեր երկրում տեղի ունեցողը տեսնելով:

Աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ այսօր բանտերում պատիժ են կրում այն բանի համար, որ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ փաշինյանական ռեժիմն անում է մեր պետության հետ: Այստեղ այլևս քրեորեն պատժելի է սեփական քաղաքական հայացքները բարձրաձայնելը և իշխանություններին քննադատելը:

Մենք այսօր մեր կաշվի վրա ենք զգում ձեր նախկին նախագահ Հարի Թրումանի հետևյալ խոսքերը. «Երբ կառավարությունը հավատարիմ է մնում ընդդիմության ձայնը լռեցնելու սկզբունքին, այն միայն մեկ ճանապարհ ունի անցնելու՝ գնալով սաստկացնել բռնաճնշումները, մինչև որ այն դառնա ահաբեկման աղբյուր իր բոլոր քաղաքացիների համար և ստեղծի մի երկիր, որտեղ բոլորը կապրեն վախի մթնոլորտում»։

Այսօր ՀՀ-ում վախի մթնոլորտ է ստեղծվում իշխանությունների ձեռամբ, քանի որ նրանք, ովքեր հանրայնորեն քննադատում են ներկայիս իշխանություններին, ամենատարբեր հորինված քրեական գործերով հայտնվում են բանտերում: Իմ ամուսինն այսօր բանտում է «հետույք» բառի համար. սա նշված է քրեական գործում: ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի` իրենց «Իմնեմնիմի» փոդքասթին հյուրընկալվելուց հետո քպ-ականները ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորել էին ամուսնուս և փոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանին, ամենակեղտոտ բառապաշարով վիրավորական գրառումներ էին կատարում նրանց հասցեին: Այս արշավից անմասն չէր մնացել ԱԺ խոսնակ ալեն սիմոնյանը, ով ամուսնուս և Վազգենին անվանել էր «շան լակոտներ», որին ի պատասխան փոդքասթի հաջորդ թողարկման ժամանակ ամուսինս և Վազգենը պատասխանել էին իրենց հասցեին հնչած վիրավորանքներին: Ամուսինս օգտագործել էր «հետույք» բառը, որի համար Ալեն Սիմոնյանը դիմել էր իրավապահներին, և օրեր անց ԱԱԾ Ալֆա ստորաբաժանման դիմակավորված անձինք մտել էին մեր տուն իմ և մեր երկու մանկահասակ երեխաների աչքի առաջ խուզարկել մեր տունն ու, չնայած, որ նա կամավոր հետևում էր իրավապահներին և որևէ դիմադրություն չէր ցուցաբերում,  ձեռքերը ոլորելով տնից տարել ամուսնուս. կադրերը կան համացանցում:

Հայաստանի իրավապահները «հետույք» բառը համարել են խուլիգանություն, իսկ Ալեն Սիմոնյանի ասած «շան լակոտներ» արտահայտության և քպ-ականների վիրավորանքներում որևէ հանցակազմ չեն տեսել: Ի՞նչ է սա, եթե ոչ Հարի Թրումանի ասած ահաբեկումը: Ավելին, եթե նախորդ անգամ իշխանությունները սահմանափակվել էին միայն ամուսնուս և Վազգենին կալանավորելով, այս անգամ Անտիֆեյք.էյէմ-ի ողջ անձնակազմն է թիրախում եղել. լրագրողի և օպերատորի էլ են անհիմն ձերբակալել, իբր խոչընդոտել են արդարադատության իրականացմանը. լրագրող Դավիթ Ֆիդանյանին ձերբակալել են 60 ժամով, իսկ օպերատոր Իշխան Խոսրովյանին նույն օրն ազատ են արձակել: Անտիֆեյքի գրասենյակում խուզարկություն են իրականացրել և առգրավել ամբողջ տեխնիկան` բոլոր համակարգիչները, բոլոր միկրոֆոնները` փոդքասթի և այլ տեսակի աշխատող, չաշխատող, բոլոր տեսախցիկները, բոլոր շտատիվները, միկրաֆոնների համար նախատեսված բոլոր ստենդերը, բոլոր նկարահանող դրոնները, powerbank-երը, հիշողության կրիչները, բոլոր մարտկոցները, բոլոր լիցքավորման լարերը, ուղիղ հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումները, եթերային ձայնն ու ձայնի մաքրությունն ապահովող սարքերը` զում, միքսեր, լարերը, գրասենյակի անվտանգության տեսախցկների դիվիառները, որի նպատակն է նյութական  ուղիղ վնաս հասցնել մեզ:  Բարեբախտաբար, գտնվեցին համակիրներ, որոնք շատ արագ իրենց միջոցներով ձեռք բերեցին անհրաժեշտ տեխնիկան, և լրատվականը շարունակում է իր գործունեությունը, ճիշտ է, ոչ ամբողջ ծավալով` դեռևս մնալով իշխանությունների թիրախում:

Թե՛ ամուսինս, թե՛ ես մեր ուսանելու տարիներից սկսած հավատացել ենք ամերիկյան ժողովրդավարությանը, թե ինչպես է Ամերիկան ստեղծվել ազատ խոսքի և ժողովրդավարության հիման վրա: Հիացել ենք ձեր քաղաքական մշակույթով և համարել, որ պետությունների զարգացման հարցում կարևորագույն դեր կարող է ունենալ հենց ձեր` ԱՄՆ քաղաքական մշակույթը, որտեղ համակարգն է թելադրում գործչին, ոչ թե գործիչը` համակարգին:

Ուզում եմ մեջբերել նաև նախագահներ Զորջ Վաշինգտոնի և Թեոդոր Ռուզվելտի խոսքերը ևս.

«Եթե խոսքի ազատությունը խլեն մեզնից, ապա մեզ, լուռ և հնազանդ, ոչխարների նման կարող են մորթի տանել»․ Ջորջ Վաշինգտոն

«Ասել, որ նախագահի հասցեին քննադատություն չպետք է լինի, կամ որ մենք պետք է կանգնած լինենք նախագահի կողքին՝ ճիշտ, թե սխալ, ոչ միայն ոչ հայրենասիրական և ստրկամիտ է, այլև բարոյական դավաճանություն ամերիկյան հանրության նկատմամբ»․ Թեոդոր Ռուզվելտ

Ձեր բոլոր նախագահներն արժևորել են խոսքի ազատությունը և մեծ կարևորություն տվել ընդդիմության ձայնին, ընդդիմադիր խոսքին, իսկ Հայաստանում այսօր դա արգելված է:

Իշխանավորները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարող են իրենց թույլ տալ կեղտոտ բառապաշար, նման կերպ խոսել եկեղեցու սպասավորների մասին, բարերարների մասին, իրենց ընդդիմախոսների մասին, սակայն պատասխան ստանալու դեպքում քաղաքացիները հայտնվում են բանտերում: Փաշինյանը վերջերս խոստովանել է, որ ինքը հայհոյախոսել է, սակայն այս ինքնախոստովանականին չի հետևել քրեական հետապնդումը, ինչու՞, քանի որ հայհոյե՞լ է իր ընդդիմախոսներին. դա թույլատրելի է:

Ձեր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտնի է իր քաղաքական հակառակորդներին կոշտ բառապաշարով դիմելով, սակայն չեմ մտաբերում դեպք, որ իր դեմ որևէ քրեական գործ հարուցված լինի կամ որակվի իր խոսքը որպես խուլիգանություն: Այս պարագայում, ինչու՞ եք լռում Հայաստանում ընդդիմադիր խոսքի հետապնդման մասին:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խոսքի ազատության նկատմամբ բացահայտ բռնաճնշում չէ, արդյո՞ք դեսպանատան լռությունը բոլորին խաբելու փորձ չէ, ինչպես ասում էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, ով ամուսնուս ամենասիրելի ԱՄՆ նախագահն է․ «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ, կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»:

Մեծ ակնկալիքով սպասում եմ ձեր արձագանքին: Եթե այդ արձագանքը չի կարող լինել հրապարակային, ակնկալում եմ հանդիպում ձեզ հետ չտեսագրվող ձևաչափով` առավել մանրամասն ձեզ ներկայացնելու գործը, և ձեզնից ակնկալած պատասխանները ստանալու համար: Չէ՞, որ ձեր և եվրոպական գործընկերների լռությունը տեսնում է նաև հայ հասարակությունը:

 

Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալ է, հերթական անգամ կալանավորված խոսքի համար, որը դեռևս ռոմանտիկորեն հավատում է արևմտյան արժեքներին»։

Հարգանքով՝

Լուսինե Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930