ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի ընկերը Հայաստանում էր` «հատուկ հանձնարարություններով»
Անցյալ շաբաթ Հայաստանում էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր, համահիմնադիր, համասեփականատեր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը:
2022թ. մարտի 1-ին ՌԴ-ի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջեց արգելափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստաալիքը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե իբր այս լրատվամիջոցները «կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին», որոնց նպատակն է «պաշտպանել» Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ ՌԴ դատախազությունը նաեւ պնդել էր, թե` «լիբերալ հայացքներով հայտնի լրատվամիջոցները նպատակաուղղված եւ կանոնավոր կերպով տեղեկություններ են հաղորդում՝ դրդելով մարդկանց բռնության ու ծայրահեղականության»։ Երկու օր անց «Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը լուծարեց ռադիոկայանը: «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջեց հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հեռացվեց նաեւ ռադիոկայանի Youtube-ի ալիքը:
Այս իրադարձություններից առաջ` 2018թ. հուլիսի վերջերին, Վենեդիկտովը Երեւան էր ժամանել, հարցազրույց անցկացրեց Նիկոլ Փաշինյանի հետ: Նշյալ հարցազրույցի ընթացքում Փաշինյանի հնչեցված հիմնական թեզերը հետեւյալն էին. «Պարզվեց Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի», «Պուտինը անկեղծ է զրույցի ժամանակ», «Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունը կպահպանվի, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին», «…Ատոմային էներգետիկան կզարգացնենք, հուսով եմ, որ Ռուսաստանը կօգնի եւս մեկ ատոմակայան կառուցել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, ապա Փաշինյանն ասել էր. «Այն ՀՀ անվտանգության համակարգի շատ կարեւոր մաս է կազմում: Որովհետեւ մենք ունենք պայմանագրեր, եւ այդ պայմանագրերով այդ ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ: Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապված, եւ այլն, եւ այլն: Բայց, ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Դա մի բան չէ, որ համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին: Դա համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, դա պարզ է բոլորին»։
Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի մտերիմ ընկեր Ալեքսեյ Վենեդիկտովը Հայաստան էր ժամանել, ակնհայտորեն, ոչ միայն հայաստանյան հանդիսատեսի առջեւ «Սիրողական ընթերցումներ»-ով հանդես գալու, այլեւ` հստակ ուղերձներ հղելու: Եվ նա առատորեն ներկայացրեց այդ ուղերձները` հարցազրույց տալով հայաստանյան մի քանի լրատվամիջոցների:
Նրա այցի առաքելությունը հստակ էր` մեղմել հայաստանյան հասարակության մոտ բացասական տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ձեւավորված հստակ դժգոհությունն ու անվստահությունն ինչ-որ կերպ բացատրել:
Նախ, նկատելի էր, որ Վենեդիկտովն անգամ Պուտինին է «հասկանում»` իր լրատվամիջոցն արգելելու համար: Ռուսաստանում իշխանությունների հիմնավորումն այսպիսին է եղել` «պատերազմի ժամանակ քարոզչությունը պետք է տոտալ լինի» ու դրա հետ Վենեդիկտովը հաշվի է նստել ու հարմարվել:
Ահա, Վենեդիկտովը հայաստանյան ԶԼՄ-ներին տված բոլոր հարցազրույցներում կարմիր թելով կրկնեց իր գլխավոր ուղերձները: 2020թ. Արցախում տեղի ունեցածի ժամանակ եւ դրանից առաջ արդեն Ռուսաստանը իր ամբողջ ռեսուրսներն ուղղել էր Ուկրաինայում պատերազմին: Ավելին` Արցախում պատերազմից առաջ եւ հետո ՌԴ-ն չցանկացավ Թուրքիայի հետ սրել հարաբերությունները, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՌԴ-ն պայքարելու էր Արեւմուտքի հետ` արդեն ուկրաինական պատերազմի արդյունքում։
Վենեդիկտովը հիշեցրեց, թեեւ Պուտինը չի սիրում «փողոցից իշխանության եկածներին»` մատնանշեց Սաակաշվիլիին ու Զելենսկիին, բայց ակնարկեց, որ Փաշինյանի նկատմամբ Պուտինի վերաբերմունքը փոքր-ինչ այլ է, ավելին` նա գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամում չեն, թեեւ հարցեր կան: Նա Հայաստանի վերաբերյալ որոշ դրական երանգներով շեշտադրումներ էլ արեց. «Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան Ռուսաստանը», «հայ-ռուսական հարաբերություններում որոշակի հարցեր կան», բայց, ըստ նրա` թե ՀՀ իշխանությունները, թե` Կրեմլում «բոլորը հաշվում են», ու հայ եւ ռուս հասարակությունները շատ հարցադրումներ անելիս «պատկեր են տեսնում», իսկ ահա իշխանությունները` «ամբողջական ֆիլմը»:
Հետաքրքրական էր Բաքվում պահվող մեր հայրենակից ռազմագերիների թեման: Վենեդիկտովը մեծ եռանդով քաջալերում էր` աշխատել օր ու գիշեր, որպեսզի Ալիեւը բաց թողնի այդ մարդկանց: Նա նույնիսկ խորհուրդ տվեց, թե ում հետ պետք է աշխատել: Վենեդիկտովի խոսքով` «առեւտրական Թրամփի» հետ, միայն նա կարող է «ամբողջական գործարքի մեջ այդ հարցը լուծել»:
Այսինքն, Ռուսաստանի խաղաղապահների «քթի» տակից, ՌԴ վերահսկողության տարածքից Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլոց գերեվարում է, սակայն նրանց պետք է ազատի Թրա՞մփը:
Ուշագրավ էր, որ հայաստանյան լրատվամիջոցների հարցազրույցավարները, չգիտես ինչու, Վենեդիկտովին հարց չուղղեցին մի շատ կարեւոր փաստի վերաբերյալ: 2020 թվականից դեռեւս շատ-շատ առաջ` 2008-2009թթ. Կրեմլը որոշում է կայացրել: Ինչո՞ւ այդ տարիներից սկսած Ռուսաստանում որոշեցին զինել Ադրբեջանին: Չէ՞ որ հենց այդ քաղաքականության արդյունքում էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խախտվեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը:
Ի դեպ, Վենեդիկտովը հայաստանյան ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնեց, որ դիմել է ՀՀ բարձրագույն իշխանություններին` հարցազրույցներ անցկացնելու համար: Դատելով հետագա իրադարձություններից, ՀՀ իշխանությունները չեն արձագանքել, իսկ Վենեդիկտովը Երեւանից մեկնեց «ձեռնունայն»:
Վենեդիկտովի այցի «սփոփիչ» ուղերձը հետեւյալն էր` «կայսրությունները փլուզվել, վերացել են, իսկ Հայաստանը եղել է, կա ու կմնա»: Ճիշտ է: Մնում է միայն հասկանալ, թե ինչ գործարքների արդյունքում եւ ինչ գնով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2025


















































