Ամերիկյան ֆիլմերի զգալի մասում հնարավոր չէ չնկատել պաթոսը, որն արտացոլում է այդ պետության հիմնական ուղերձները՝ ուղղված սեփական քաղաքացիներին եւ աշխարհին: Ամերիկյան պաթոսի առավել տարածված հնարքները երկուսն են: Առաջին. ֆիլմի եզրափակիչ տեսարանը ծավալվում է դատարանում, որտեղ բարին հաղթում է չարին: Ուղերձը պարզ է՝ դրական հերոսները, որքան էլ զրկանքներ, տառապանքներ կրեն, ինչպիսի անհաղթահարելի թվացող դժվարությունների բախվեն, ի վերջո, հաղթում են, որովհետեւ կա ամերիկյան դատարանը, որն ամեն ինչ տեղը կդնի: Ոչ թե զենքը, ոչ թե ուժը, այլ Օրենքը՝ արդարամիտ դատավորով ու երդվյալ ատենակալներով:
Եզրափակիչ տեսարանի համար երկրորդ վայրը Առլինգթոնի գերեզմանոցն է: Սյուժեն մոտավորապես հետեւյալն է. զինծառայողը կռվել էր Իրաքում կամ Աֆղանստանում ու համարվում էր անհետ կորած. մասունքները հայտնաբերվել են (որպես տարբերակ՝ նրա պատիվն արատավորված էր, բայց հետմահու՝ վերականգնված): Հերոսին թաղում են համապատասխան զինվորական կարգով, կրակոցների համազարկերով, շեփորի ձայների տակ, եւ մասունքները, ամերիկյան դրոշով փաթաթված, հանձնում են զոհվածի այրուն կամ զավակներին: Արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Միջին Արեւելքում արդար պատերազմ էր մղում, պայքարում էր ժողովրդավարության համար: Կամ՝ արդյո՞ք ամերիկացի զինվորներն այնտեղ միշտ մարդասիրաբար են վարվել խաղաղ բնակիչների հետ: Բացարձակապես պարտադիր չէ, որ դրան բոլորը հավատան: Կինոներում նման պաթոսային տեսարանների ուղերձն այլ է. այդ մարդկանց պատերազմի է ուղարկել ամերիկյան ազգը (կամ պետությունը՝ տվյալ դեպքում նույնն է), եւ դու, եթե քեզ համարում ես այդ ազգի ներկայացուցիչ, պարտավոր ես գլուխ խոնարհել զոհվածի առաջ:
Դուք կարող եք ծիծաղել այդ պաթոսի վրա, անվանել այդ քարոզչությունը պրիմիտիվ, կացնային, բայց դա բոլոր դեպքերում ազդանշան է, որը գալիս է պետությունից, եւ որը չի կարող չազդել ամենաանհավատ, ամենացինիկ մարդկանց վրա՝ մանավանդ, եթե պետական բացահայտ կամ քողարկված պատվերը կատարված է գեղարվեստական պատշաճ մակարդակով:
Իրենց անցյալի եւ ներկայի նկատմամբ նմանատիպ մոտեցումներ ունեն բոլոր լուրջ պետությունները՝ դրանք ունեն, ինչպես ընդունված է ասել, մեծ նարատիվներ: Ի դեպ, պարտադիր չէ, որ պետական միֆերում ճշգրտորեն արտացոլվեն պատմական իրողությունները: Խորհրդային պետությունն, օրինակ, հերոսացնում էր Ալեքսանդր Նեւսկուն, որը, ժամանակակից լեզվով ասած, թաթարներին ենթարկվող «կոլաբորացիոնիստ» էր:
Կարդացեք նաև
Հայաստանի Երրորդ հանրապետությունը երկու արյունալի պատերազմ է վարել Ադրբեջանի դեմ, բայց մեր պետությունն այդպես էլ չկարողացավ ձեւակերպել այն, բառիս դրական իմաստով, դիցաբանությունը, որը կօգներ մեր քաղաքացիներին կողմնորոշվել այս բուռն եւ հարափոփոխ աշխարհում: Իսկ 2020-ից հետո «արցախյան հերոսամարտ», «Արցախի ազատագրում» բառերն ընդհանրապես դուրս մղվեցին պաշտոնական բառապաշարից, Եռաբլուրը չէր խաղում եւ հատկապես հիմա չի խաղում Առլինգթոնյան գերեզմանոցի դերը: Հերոսներն էլ, պարզվում է, հերոսներ չեն, այլ ընդամենը «նահատակներ» են, որոնց հիշատակը պետք է «այլ ձեւով» հարգել: Ի՞նչ ձեւով: Հավանաբար, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելով:
Ինչ-որ առասպելաբանությամբ այդ ամենը պետք է, այնուամենայնիվ, փոխարինվի: Ինչո՞վ: Բանաձեւը, պատկերացրեք, տվել է Արցախյան առաջին պատերազմի իրական հերոսը, որը հիմա Փաշինյանի զինակիցն է: 2018-ի իշխանափոխությունն, ըստ այդմ, ավելի կարեւոր էր, քան Արցախի ազատագրումը: Այսինքն՝ այդ իշխանափոխությունը մեր 5 հազարամյա պատմության մեջ միակ պայծառ եւ միակ հերոսական էջն էր: (Մի քիչ պայծառ էր, թերեւս, Պապ թագավորը, բայց կղերականները նրան սպանեցին):
Այսպիսով, ներկայիս իշխանության միակ առասպելն այն է, որ ժողովուրդը՝ իր հզոր առաջնորդով, տապալել է թալանչիների իշխանությունը եւ հստակ քայլերով գնում է դեպի երջանիկ եւ անկախ (առանց ռուսների) ապագա: Հետեւաբար, այդ դիցաբանության միակ հերոսը Փաշինյանն է: Որպես ժամանակավոր քարոզչական թեզ՝ դա առայժմ անցնում է: Որպես պետական դիցաբանություն՝ բավականին թույլ է:
…Դատարանների մասին էլ չգրեմ: Կարմրում եմ մեր դատավորների փոխարեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2025
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:


















































