Իտալիա կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, հատկապես երեխաների համար նախատեսված «Cometa» անկախ կյանքի կենտրոն և «Agora 97» սոցիալական կոոպերատիվ, որի ենթակայության տակ գործում են համայնքային փոքր տներ, որոնք իրենց հերթին ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակներում գտնվողներին։
Նախարարները շրջել են կենտրոններում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին, շփվել բնակիչների հետ։ Շրջայցի ընթացքում խոսել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, ըստ կարիքի՝ ամբողջական և մասնագիտացված ծառայությունների տրամադրման անհրաժեշտության մասին։
Նախարար Թորոսյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցման մանրամասները․ այն հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական, զարգացման թերապիա, ինչպես նաև ձեռք բերել և զարգացնել անկախ կյանքի հմտություններ՝ հասարակության մեջ լիարժեք ներառվելու և ինքնադրսևորվելու նպատակով։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































