Ավետ Տերտերյան մարդու և կոմպոզիտորի մասին շատ է խոսվել, բայց դա անչափ քիչ է այն ծավալի համեմատ, ինչը դեռ ասվելու, խոսվելու, դասվելու, դասակարգվելու և նոր հասկացվելու ճանապարհ է անցնելու։ Անքննարկելի է նաև, որ Տերտերյանը երաժշտության վերերկրային Տիեզերքն է և Տեզերքում է՝ նույնքան անսահման, անհասկանալի, անբացատրելի և անդիմադրելիորեն գրավիչ։
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) մեկնաբանմամբ, այլ երկերի թվում կրկին հնչեց Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3 ստեղծագործությունը՝ այս անգամ ուկրաինացի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի մեկնաբանմամբ։ Դուդուկի և զուռնայի երաժշտաբաժիններով հանդես եկան Հարություն Չքոլյանն ու Կարեն Սիրականյանը։ Լայն ընթերցողին տեղեկացնենք կամ հիշեցնենք, որ Տերտերյանի նորարական սիմֆոնիաներին բնորոշ է ձայնի նկատմամբ անսովոր մոտեցումը, նվագախմբում հնչում են հայկական և արևելյան ավանդական նվագարաններ։
Aravot.am-ը զրույցի հրավիրեց դիրիժոր Կիրիլ Կարաբիցին՝ նախապես տեղեկացված լինելով, որ նա շփվել է մեծանուն կոմպոզիտորի հետ և, բնականաբար, հետաքրքիր պատմություններով կկիսվի։
Կարդացեք նաև
«Ես այդ հանճարեղ մարդուն տեսել և շփվել եմ 1991 թ., երբ դեռ 8 տարեկան էի։ Ավետ Ռուբենիչին հայրս (կոմպոզիտոր Իվան Կարաբից) էր հրավիրել։ Նման մեծության մասին խոսք ասելը, նույնիսկ սեփական կարծիք հայտնելն էլ, գոնե իմ դեպքում, անհնար բան է, բայց կաշխատեմ փաստերով խոսել։ Ինչպես ասացի՝ 8 տարեկան էի, երբ բախտ վիճակվեց մեր տանը տեսնել նման հանճարի։ Բնական է, այն ժամանակ ես դա հասկանալ չէի կարող, թեպետ մեր ընտանիքում ոչ թե երբեմն, այլ հաճախ էր հնչում հայ կոմպոզիտորի անունը… Հիմա Ավետ Ռուբենիչի մասին առաջին, բնականաբար մանկական տպավորությունս. նա արտաքնապես էլ սովորական մարդ չէր, կարծես երկրային չլիներ, երկնքից իջած լիներ, նրա աչքերն էլ, հայացքն էլ սովորական չէին… Բայց նրանից ինչ էներգիա էր հորդում։ Այո, փոքր էի, բայց շատ լավ եմ հիշում, երբ նա խոսք էր ասում՝ բոլորը լռում էին… Ես էլ անթարթ հայացքով նայում ու լսում էի, թեև այդ տարիքում շատ բաներ չէի հասկանում»,– հիշողությունները մեզ փոխանցեց Կիրիլ Կարաբիցը։
Ինչ վերաբերում է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիային՝ մեր զրուցակիցը նախ ասաց, թե իր համար պատիվ է և պատասխանատվություն՝ այս երկը ղեկավարել կոմպոզիտորի հայրենիքում՝ այն էլ նման բարձրակարգ նվագախմբի հետ։ Այնուհետև պատմեց իր հետ կատարվածը, ինչը տեղի է ունեցել Գերմանիայում՝ նույն սիմֆոնիան ղեկավարելուց հետո. «3-րդ սիմֆոնիան ղեկավարել եմ Լոնդոնում, Գդանսկում, իսկ Բեռլինում սիմֆոնիայի ավարտից հետո ոչ թե կուլիսներում, այլ դեռ բեմում էի, երբ փոխանցեցին մի գրություն։ Ես էլ դեռևս ամբողջովին դուրս չէի եկել տերտերյանական հնչյուններից, բայց անհամբերությամբ կարդացի այն, որտեղ ընդամենը գրված էր. «Կիրիլ, մեծ շնորհակալություն Ավետի համար. Գիա Կանչելի»։
Իսկ թե ինչու էր վրացի կոմպոզիտորը շնորհակալություն հայտնում՝ մեր զրուցակիցն այս առիթով պատմեց. «Ընդհանրապես, սիրելիների կորուստը ոչ միայն խորը վշտի մեջ է գցում մարդուն, այլ տաղանդավոր ու ստեղծագործ անհատների ներսում այն ոգեշնչում, ցանկություն է առաջացնում իրենց սրտի ցավը այնպիսի ստեղծագործություններով արտահայտել, որոնք շարունակեն հուզել մարդկանց հոգիները։ Այսպես է ծնվել Գիա Կանչելիի՝ ալտի, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ստիքս» կոնցերտը։ Հայրս պատմում էր, որ 1994 թ. վրացի տաղանդավոր կոմպոզիտորը մեծ վիշտ է ապրում իր մտերիմ ընկերոջ՝ հայ կոմպոզիտորի մահվան լուրը լսելուն պես։ Չորս տարի անց էլ մահանում է Կանչելիի մյուս մտերիմ ընկերը՝ Ալֆրեդ Շնիտկեն։ Եվ երկու մտերիմների կորուստը ոգեշնչում է կոմպոզիտորին ստեղծել ռեքվիեմ, որն անվանում է «Ստիքս»: Հայրս, տարիներ առաջ խոսելով այս գործի մասին, մտաբերում էր Կանչելիի այն միտքը, թե ինչու է այս ստեղծագործությունում ընտրել ալտը որպես մենակատար գործիք։ Քանի որ հենց ալտն իր հարուստ տեմբրով ու ցածր ձայնով ունակ է միավորելու կենդանի և մեռյալ աշխարհները, որոնք բաժանված են Ստիքսի ջրերով… հոգին տանելով հաշտության, խաղաղության և ներդաշնակության»։
Անդրադառնալով կայացած համերգին՝ հավաստիացնենք, որ նման անակնկալի երբեք չենք հանդիպել, թեև բազմիցս առիթների դեպքում լսել ենք հյուրախաղերի եկած օտարազգի երաժիշտների հիացական խոսքերը մեր ավանդական նվագարանի՝ դուդուկի մասին։ Եվ այսպես, համերգի ավարտին դիրիժոր Կիրիլ Կարաբիցը հանդես եկավ որպես դուդուկահար՝ հայ երաժիշտների ընկերակցությամբ, Գեորգի Գյուրջիևի «Հայկական մեղեդի» ստեղծագործությամբ։
Մեր զարմանքին ի պատասխան մաեստրոն ասաց. «Փոքրուց եմ կախարդված դուդուկի տեմբրով։ Այո, սովորել եմ նվագել, հիմա էլ դուք դատեք, թե ինչ դուդուկահար եմ դարձել (ժպտում է — Ս. Դ.)։ Ի դեպ, սա իմ առաջին բեմելն է իբրև դուդուկահար, և շնորհակալությունս եմ հայտնում ձեր տաղանդավոր դուդուկահարին՝ Հարություն Չքոլյանին, այս գործիքն ինձ նվիրելու առիթով։ Չմոռանամ ասել, որ մեծ պատիվ էր մեկնաբանելու հայ աշխարհահռչակ մտավորական, կոմպոզիտոր, պարուսույց, փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի «Հայկական մեղեդին»՝ հայ երաժիշտների հետ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Կիրիլ Կարաբիցը Արամ Խաչատրյան համերգասրահում



















































