Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ կաշառքի գործից մտադիր են առանձնացնել Վարդան Ղուկասյանի մասն ու ուղարկել դատարան

Նոյեմբեր 26,2025 17:16

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ կաշառք ստանալու ու տալու փաստով հարուցված քրեական վարույթից բացառապես առանձնացվելու է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը ու մոտ օրերս ուղարկվելու է դատարան։

Հետաքրքիրն այն է, որ  նման շտապողականություն չեն ցուցաբերում այս գործով գլխավոր կասկածյալներ համարվող Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի և կաշառք տալու մեջ կասկածվող գործարար Սևակ Գոմցյանի պահով։

Ըստ մեր աղբյուրների, Վարդան Ղուկասյանին հնարավորինս շուտ փորձելու են դատել, նրա մասով դատավճիռ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։

Մեզ հասած այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից․ նա այս պահին հստակ պատասխան չուներ․ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

Վարդան Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբաններից Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր, որ քրեական վարույթում Վարդան Ղուկասյանին վերագրվող արարք չկա, հիմնական դերակատարը Գյումրիի գլխավոր ճարտարապետն է։

«Հիմնական դերակատարն այս մեղադրանքի մեջ քաղաքապետարանի ճարտարապետն է, որը երկար ժամանակ աշխատել է։ Ճարտարապետի գործառույթների ներքո կառուցվել է այսպես կոչված, չակերտավոր հիմնավոր կասկածը, այդ ամբողջ գործընթացը։ Եվ հիմնավոր կասկածի նկարագրությունը առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ։ Պարզվում է՝ այդ անձն էլ Սարիկ Մինասյանն է, թող կողմնորոշվեն, Սարիկ Մինասյանի հետ ճարտարապետը ինչ է արել, որ ճարտարապետին մեղսագրվում են արարքներ, որը կատարվել է այդ ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածի հետ կապված իրենք որևէ ապացույց, նկարագրություն չեն մեջբերել»,- ասել էր Զարուհի Փոստանջյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930