Մոտենում է նոյեմբերի 25-ը:
Այս այն օրն է, երբ ինձ ձերբակալեցին ու հյուսիսային անդրբեւեռ ուղարկեցին։
Չնայած օրերը դեռ տաք են, բայց ես հիմիկվանից մրսում եմ՝ չիմանալով ցրտի՞ց, թե՞ վախից։
Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից, աշխարհի հետ եղած կապերը մեկ-մեկ քանդի, վերջին անգամ փափուկ անկողնում պառկի, յուղի եւ մսի երես տեսնի, հաշտվի ոջիլի գոյության հետ, իսկ ամենից կարեւորը՝ մեջքն ուղղի եւ հանգստանա, որպեսզի ուժ ունենա այնուհետեւ Աստված գիտի՝ մինչեւ երբ, հյուսիսի անտառներում գերաններ կրել դեպի գետային նավահանգիստ եւ այն բեռնել նավը։
Կարդացեք նաև
Բռնվելուց շատ առաջ պետք է ուղղես սխալներդ, նոր մեղքեր չգործես, լինես բյուրեղի պես արդար, որ քեզ ձերբակալեն, որովհետեւ չեկիստը երբեք մեղավոր մարդուն ձեռք չի տալիս…
-Կնի՛կ, – ասում եմ, – ինչպե՞ս ես, պատմի՛ր քո վիճակի մասին, որովհետեւ աքսորվելիս նամակ չի թույլատրվում գրել իրար, ու մենք հավետ իրարից լուր չենք ունենա: Ու եթե պատահի, որ իմ մահվան մասին լուր տարածվի, լաց ու կական չբարձրացնես, ինչպես մի անգամ արիր, եւ նոր ամուսին ճարելու մասին չմտածես, ինչպես մեկ անգամ մտածեցիր…
Հետո դառնալով երեխաներիս՝ ասում եմ.
-Եկեք ձեզ մի կուշտ համբուրեմ, բալիկնե՛ր. աքսորիս օրը, բանտում համբուրելն արգելված է բանտային օրենքով, եւ թույլ չեն տա։ Նրանք սեղաններ են դնում գնացողի ու մնացողի մեջտեղը, որ արգելեն հրաժեշտի վերջին համբույրը։ Ես, որ ողջ կյանքում անբիծ եմ ապրել, չեմ ուզում մի չնչին համբույրի համար «մեծ հանցանք» գործել…
Հետո էլի դառնում եմ կնոջս.
-Չլինի երեխաների բերանից կտրես ու ինձ «պերեդաչա» բերես բանտում եղածս ժամանակ։ Այդ նշանակում է՝ դու երեխաներիս մորթում ես եւ միսն ինձ հրամցնում։ Ասա՛, անիրա՛վ, ես իմ երեխաների համար որդեկեր հա՞յր եմ եղել։
Այո բոլորն ասում ու ճանապարհ եմ ընկնում։ Յոթանասուն օր պառկում եմ Չեկայում, պաղ սալահատակին, օրական մի անգամ բարձրանում քննիչի մոտ, վայր իջնում, լսում գնդակահարության գնացող մարդկանց կոկորդային, մարդկային ոճը կորցրած ձայները ու ինքզինքս նախապատրաստում այդ օրվան, «կլյուչնիկի» ոտքն եմ ընկնում, որ ինձ երկրորդ անգամ դուրս թողնի, որովհետեւ լուծ եմ, պատրաստվում եմ լսել նրա մերժումը իր բոլոր հետեւանքներով…
-Ա՜խ, – այնուհետեւ հառաչում եմ ես, – ի՜նչ կլիներ, եթե իմ փորը կամքիս պես պինդ լիներ…
Երբ այսքանը նախապատրաստվել եմ, մոտենում, ներս եմ առնում երկու զինված չեկիստներին։
Նրանք ներս մտնելիս ուշի-ուշով պատերին են նայում, եւ նրանցից մեկը, ձեռքը ատրճանակի կոթին, խոսում է սպառնական.
-Ինչո՞ւ պատերին Լենինի ու Ստալինի պատկերները չունես։
– …, – ասում եմ ես բարձրաձայն։
Նրանք քրքրում են գրադարանս։
-Գրքերիդ մեջ սոցիալիստական բրոշյո՜ւր անգամ չունես։
Ես կրկնում եմ իմ լռությունը։
Այնուհետեւ ձեռք են զարկում բնակարանիս մանրակրկիտ խուզարկությանը։
Ես այդ խուզարկության ժամանակ եմ միայն իմանամ, թե որքան հարուստ մարդ եմ եղել։
Սնդուկներիցս դուրս են գալիս բանից պրծած կոշիկներ, ծակ կալոշներ, չորացած կաշվի կտորներ, որոնց չեկիստներից մեկը այնքան հետաքրքիր է նայում, որից եզրակացնում եմ, թե դա նախկին հնակարկատ լինելու է։
Վերջում ես ձերբակալվում եմ ոչ թե ունեցածս բաների համար, այլ չունեցածս առաջնորդների նկարների ու սոցիալիստական բրոշյուրների համար…
Վա՜յ, վա՜յ։
Ու ես, սեղմված երկու չեկիստների արանքում, գնում եմ։
Ճանապարհին սարսափեցնելու համար չեկիստներից մեկը դիմում է ինձ.
-Ուրեմն դու համոզմունքով ինդիվիդուալիստ ես եղել, հա՞։
-Այն ժամանակ, երբ ես անհատապաշտ էի, այդ հանցանք չէր համարվում, – ասում եմ ես ու ավելացնում, – ուրեմն՝ դուք այդ էլ գիտե՞ք։
-Մենք դեռ ինչե՜ր գիտենք քո մասին, որ դու չգիտես. կգաս Չեկա, քեզ կճանաչես…
…Այսպես շատ լավ նախապատրաստված եմ բռնվելու համար։
Ու վախենալով, որ մինչեւ բռնվելուս օրը մոռանամ, կցանկանայի, որ այսօր բռնվեի։
Այսօրվա գործը վաղվան ձգելու չէ, ասում է առածը։
Լեռ ԿԱՄՍԱՐ
1958թ.«Կարմիր օրեր»
«Առավոտ» օրաթերթ
26.11.2025


















































