Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) որոշեց՝ դատախազության վերաքննիչ բողոքը մերժել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանի հարցով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի վերդիկտը թողնել անփոփոխ։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռ էր կայացրել, իսկ դատախազությունը բողոքարկել էր նրա արդարացման վերաբերյալ դատավճիռը։
2024 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Կարդացեք նաև
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ Առստամյանի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































