«18 արդարների» գործով հինգ ամիս կալանքի տակ գտնվող Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն եւ գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով գումար։
«Եթե Լիդյա Մանթաշյանի կալանքի հարցը առաջնահերթության չարժանանա, ես դատարանի դահլիճից դուրս կգամ։ Լիդյա Մանթաշյանի կալանքի տակ գտնելը մեր պատվի եւ արժանապատվության հարցն է»,- այսօր «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Կարդացեք նաև
Նրան միացան մյուս պաշտպանները՝ հավելելով, որ Լիդյա Մանթաշյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն հակաիրավական, այլ հակաբարոյական է։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ տարակուսեց՝ առաջարկելով պայմաններ չդնել դատարանի առջեւ, բայց նաեւ խնդիր չտեսավ համապատասխան միջնորդության առկայության պարագայում հարցը քննարկել։
Հիշեցնենք, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը դատարանը նախորդ նիստում էր երկարացրել՝ երեք ամսով։
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը ներկայացրեց միջնորդությունը՝ վերացնել Լիդյա Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով վարչական հսկողություն, մինչեւ 2 միլիոն դրամ գրավ կամ դրանց համակցված կիրառում։ Պաշտպանը վկայակոչեց՝ օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու նորմը ու նկատեց, որ նախկին դատական նիստում նույն հիմքի առկայության պարագայում շատերի խափանման միջոցը փոխվեց։
Նա վկայակոչեց Լիդյայի կալանքը երկարացնելու առիթով հանրային աղմուկը, այդ թվում նաեւ ՄԻՊ-ի արձագանքը։ Նկատեց, որ անգամ այն իրավապաշտպանները ովքեր սույն գործում քաղաքական երանգ չեն տեսնում, միեւնույն է արձանագրում են Լիդյայի նկատմամբ տարբերակված մոտեցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































