Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, կստեղծվի երկու նոր աշխատանքային խումբ՝ Երեւանում օդի աղտոտվածության եւ խցանումների խնդիրների լուծման համար։ Փաշինյանն ասել է, որ վերջին շրջանում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված մոտեցում․ «Եվ հանգել եմ այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել։ Վարչապետի աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ»։
Առաջին աշխատանքային խումբը կզբաղվի օդի աղտոտվածության հարցերով՝ խնդիրը հստակ գրանցելու, պատճառներն ամբողջական գնահատելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու համար, երկրորդ խումբը կստանձնի երթեւեկության կարգավորման եւ խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին։ «Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլերն արդյունքի չեն բերում, առնվազն երկարաժամկետում։ Պետք է գնալ պլանավորված, հետեւողական, ոչ կտրուկ քայլերի։ Երեկ, օրինակ, ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որից կարելի էր ենթադրել, որ այդ երեւույթն ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց․ «Դուք հիշո՞ւմ եք՝ 2018 թվականից ես անընդհատ խոսում եմ շինհրապարակների որակի մասին։ Դա մի քիչ կրթական ոլորտի հարց է, այո, նաեւ վարչարարության հարց է։ Բայց միշտ փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում, հարց լուծում է հետեւողական քաղաքականությունը։ Հետեւաբար, պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































