Լրահոս
Օրվա լրահոսը

Դա նրանց ընտրությունն է, եթե հնարավոր են համարում այդպես աշխատել, լավ. Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին

Նոյեմբեր 27,2025 18:02

Ինչպես հայտնել էինք՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ «Ինտիմակ Օրդո» կառավարական համալիրում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը։

Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների հարցերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշմանը:

Ի պատասխան «Ինտերֆաքս»-ի լրագրողի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրաժարվել է ներկա լինել, մինչդեռ Հայաստանը համատեղ զորավարժություններ է անցկացնում Միացյալ Նահանգների հետ, արդյոք սա սպառնալի՞ք է միասնությանը՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության շրջանակում, Պուտինն ասել է.

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, այն հայտնի է: Դա այն է, ինչ մեզ ասում են մեր հայ գործընկերները՝ «աջակցում ենք ՀԱՊԿ-ի կողմից կայացված բոլոր որոշումներին, մեզ ՀԱՊԿ-ի անդամ ենք համարում, բայց այս փուլում կազմակերպության նիստերին մասնակցելուց ձեռնպահ ենք մնում»: Դա նրանց ընտրությունն է: Հետևաբար, եթե նրանք հնարավոր են համարում առայժմ այսպես աշխատել, լավ, մենք համաձայն ենք:

Քանի որ նրանք կազմակերպության անդամ են, Ռուսաստանը կապի մեջ է նրանց հետ»:

Լրագրողների հետ հարցուպատասխանից առաջ Պուտինը նշել է.

«Սկզբում ուզում եմ ասել, որ շնորհակալ ենք Ղրղզստանի ղեկավարությանը այս աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ամբողջ տարվա համար, որի ընթացքում Ղրղզստանը նախագահել է ՀԱՊԿ-ում՝ հյուրընկալելով տարբեր միջոցառումներ, որոնք անկասկած նպաստել են կազմակերպության ամրապնդմանը։ Իմ կարծիքով, այսօրվա անհանգիստ պայմաններում, անկեղծ ասած, սա մեր ընդհանուր տարածքում կայունության կարևոր տարր է։ Սա կարևոր է Ռուսաստանի համար, և շատ երկրների համար ՀԱՊԿ-ը մեծ նշանակություն ունի։

Մենք առանց որևէ դժվարության համաձայնեցինք ամեն ինչի շուրջ՝ քարտուղարության կողմից առաջարկված բոլոր որոշումների շուրջ։ Ինչպես գիտեք, ամեն ինչ ստորագրվել է, և գործնականում որևէ հարցի շուրջ վեճեր չեն եղել։

Բոլորը հասկանում են, որ այսօրվա պայմաններում մենք պետք է ավելի սերտորեն համագործակցենք։

Մենք ոչ մեկին չենք սպառնում, բայց պետք է պատրաստ լինենք հետ մղել ցանկացած գործողություն, որը կլինի ագրեսիվ մեր երկրների նկատմամբ։

Եվ կան աշխատանքի շատ այլ ոլորտներ։ Հավանաբար, հիմա ավելի մանրամասն կխոսենք այս մասին։ Գործնական աշխատանքը ձևավորվել է, և այն առաջընթաց է գրանցում կարևորագույն ոլորտներում։ Եվ ընդհանուր առմամբ, նախ, մենք ընդունում ենք արդյունքները՝ դրանք կան։ Երկրորդ, ես լավ հեռանկարներ եմ տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում մեր համագործակցությունը զարգացնելու համար։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Պուտինն առաջարկել է հավաքական ուժերը ժամանակակից ռուսական զենքով և տեխնիկայով զինելու լայնածավալ ծրագիր սկսել, նշելով, որ ռուսական զինտեխնիկայի արդյունավետությունն ապացուցվել է իրական ռազմական գործողություններում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք. Բիշքեկում ընդունված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրում ասվում է.

«Գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։

Աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930