ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ ԱԺ առջեւ երկուշաբթի օրվանից նստացույց անող արցախյան պատերազմի մասնակիցներ Արման Պետրոսյանը եւ Հովսեփ Ղազարյանը այսօր առավոտյան Aravot.am-ին ասացին, որ ապօրինաբար կալանավորված Հայաստանի միակ կին քաղաքական բանտարկյալ Լիդյա Մանթաշյանին անձամբ չեն ճանաչում, սակայն բողոքի ակցիան շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվի կամ Լիդյան ազատ արձակվի:
Մեր հարցին, թե միայն իրե՞նք են բողոքի այս ակցիային մասնակցում եւ ի՞նչ արձագանք կա նույն դատախազության աշխատակիցների եւ հանրության՝ անցորդների կողմից, տղաները պատասխանեցին. «Էլի մարտական ընկերներ ունենք, որ գալիս են: Հանրային աջակցությունը մեծ է: Կանայք, աղջիկներ, ծանոթներ, անծանոթներ գալիս են, որոշ ժամանակ մնում մեզ հետ: Նաեւ զանգահարում են, աջակցության հաղորդագրություններ են ուղարկում: Իսկ դատախազությունից ոչ մի արձագանք չկա»:
-Դուք միայն Լիդյա Մանթաշյանի՞ ազատությունն եք պահանջում, թե՞ նաեւ բանտերում, տնային կալանքներում եւ այլ սահմանափակումների տակ գտնվող բոլոր քաղբանտարկյալների:
Կարդացեք նաև
-Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Առավել եւս՝ կին քաղբանտարկյալ: Տեսեք, այդ շինծու մեղադրանքը, որ կա Լիդյայի վրա, նույն հոդվածը կա նաեւ մյուս քաղբանտարկյալների վրա, որոնցից յոթ տղամարդու խափանման միջոցը փոխվել է, իսկ Լիդյան շարունակում է մնալ անազատության մեջ: Եվ մեր գլխավոր նպատակն այն է, որ հանրային ճնշման միջոցով առաջին հերթին Լիդյան հայտնվի ազատության մեջ: Այսօր հերթական դատական նիստն է: Գնալու ենք:
-Իսկ նստացույցի որքա՞ն եք շարունակելու:
-Նստացույցն ինչքա՞ն եք շարունակելու:
-Հասնելու ենք նրան, որ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը վերացվի:
Հ. Գ. Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում «18 արդարների» գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Լիդյա Մանթաշյաին խափանման միջոցը փոխեց՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական հսկողություն եւ 2,5 մլն. դրամի չափով գրավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































