«Շուրջ 10 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարության մասին տեղեկացել ենք մամուլից, չգիտենք՝ վավերական է, թե վավերական չէ, դրա համար որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»,– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում news.am-ի եւ 24news-ի լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Միայն կարող եմ ասել՝ Հայ Եկեղեցին միշտ ամուր և միասնական է, իսկ եթե մեկն իրեն միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ մեկով, երկուսով, երեքով եկեղեցին չի կազմաքանդվում»,–հավելեց Հայր Ասողիկը։
Նրա խոսքով՝ ուխտապահ դասը երբեք չի կարող սպառվել կամ նվազել։ «Ե՛վ հոգևորականների դեպքում, և՛ աշխարհականների դեպքում եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն որպես աստվածային հաստատություն. եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, այդ մարմինը այդ գոյացությունը հեռացնում է»:
Անդրադառնալով հայտարարություններին, թե Վեհափառ Հայրապետին հաշված ժամեր են մնացել, Հայր Ասողիկն ասաց. «Որպես հոգևորական, որպես պարզ հայ հավատացյալ կարող եմ ասել՝ անհեթեթ, անիմաստ հարցեր, մտածումներ արտահայտելու կարիք չկա։ Վեհափառ Հայրապետին որևէ մեկը՝ ոչ բարոյական, ոչ էլ կանոնական իրավունք չունի հեռացնել։ Սա այնպիսի հարց է, որ քննարկման ենթակա չէ, իսկ եթե մեկը հոգեխանգարմունք ունի և կարող է նման հարցեր բարձրացնել, հետապնդել՝ ասելիք չունեմ»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































