Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 33. «Եթե ժողովուրդը ցանկանա, եթե ես զգամ, որ ինձ այլեւս չեք ընդունում, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»

Նոյեմբեր 28,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Սա այն սուտն է, որը տարիներով հնչեցվեց որպես «ժողովրդավարական ազնվություն», որպես հայտարարություն, թե վարչապետի պաշտոնը կապակցված է բացառապես ժողովրդական կամքին։ Սակայն հատկապես 44-օրյա պատերազմի ծանրագույն հետեւանքներից հետո այս խոստումը բացահայտվեց որպես կեղծ, թղթե, մանիպուլյացիոն ձեւակերպում, որը ոչ մի կապ չուներ իրական քաղաքական վարքագծի հետ։

2020 թվականի նոյեմբերից սկսած, հրապարակ դուրս եկավ մարդկանց այնպիսի քանակ, ինչպիսին Հայաստանի քաղաքական պատմությունը քիչ էր տեսել։

Դեռ պատերազմի ավարտի առաջին օրերից ի վեր՝հազարավոր մարդիկ օրերով շրջափակում էին պետական շենքերը, քաղաքական ուժերն ամբողջական ուժերով պահանջում էին վարչապետի հրաժարականը, տասնյակ հանրային գործիչներ, վարչապետի նախկին թիմակիցներ, մտավորականներ եւ հասարակության  լայն զանգվածներ հայտարարում էին, որ վարչապետն այլեւս չունի ժողովրդի վստահությունը։

Եթե վարչապետի խոստումը լիներ անկեղծ, ապա հենց այդ օրերին նա պետք է լքեր պաշտոնը։ Քանի որ դա միայն դժգոհություն չէր՝ դա ժողովրդական ճնշման ամենաբարձր ձեւն էր։ Սակայն հրաժարական չեղավ։ Ընդհակառակը՝ իշխանական հռետորաբանությունն ավելի կոշտացավ։

«Ժողովրդին ես եմ ներկայացնում». մանիպուլյացիայի ամենավտանգավոր տեսակն է հենց այս արտահայտությունը։ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների, վիրավորների ընտանիքների, Եռաբլուրում ծնողների բողոքի ձայները տարիներով անտեսվեցին՝ փոխարենը ստեղծվեց թեզ, ըստ որի՝ «իրական ժողովուրդը» վարչապետին չի ընդդիմանում, իսկ փողոցում կանգնած մարդիկ քիչ են, խմբակային կամ ղեկավարման տակ գտնվող։

Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է, երբ ժողովուրդը իշխանությանը աջակցում է՝ դա ներկայացվում է որպես մեծամասնության կամք, երբ ժողովուրդը պահանջում է հրաժարական՝ դա ներկայացվում է որպես փոքր խմբերի ձայն։ Այսինքն՝ նույն ժողովուրդը, կախված իրավիճակից, ներկայացվում է տարբեր կերպ՝ որպեսզի պահվի պաշտոնը։

Հարյուր հազարավորները բողոքում էին, իսկ Փաշինյանն ասում էր՝ «ժողովուրդը իր ձայնը տվել է ինձ»։ 44-օրյա պատերազմից հետո ձեւավորված զանգվածային հանրահավաքները, ԱԺ շրջափակումները, մարզերում վիրավոր կամ անհետ կորածների ծնողների բողոքի ակցիաները տարիներով ցույց էին տալիս շատ պարզ իրականություն՝ վարչապետի հրաժարականի պահանջը հետեւողական ու մեծամասշտաբ էր։

Բայց փոխարենը լսվեցին հայտարարություններ, ըստ որոնց՝ ժողովուրդը ուղղակի պատերազմի ցավալի հետեւանքների ազդեցության տակ է, կամ ժողովուրդը կտա իր որոշումը ընտրություններին, կամ ժողովուրդը իրականում աջակցում է, բայց փողոցում երեւում են միայն դժգոհողները, որոնց թիվը շատ քիչ է։

Այսինքն՝ ժողովուրդը հարմարեցվեց քաղաքական շահին, եւ հրաժարականը դարձավ ոչ թե ժողովրդական պահանջի հետեւանք, այլ միայն քաղաքական հաշվարկի հարց։ 2021 թվականի արտահերթ ընտրությունները ներկայացվեցին որպես «ժողովրդի կամքի վերաիմաստավորում», եւ վարչապետը շարունակեց հայտարարել, թե ընտրողները նորից ապացուցեցին՝ ժողովուրդն իրեն չի հեռացնում։

Ճգնաժամային սեղմված պայմաններում անցկացված ընտրությունները չեն կարող դիտվել որպես ազատ վստահության լիարժեք չափիչ։ Երկիրը պատերազմից ամիսներ անց հուզական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Վարչական լծակները օգտագործվեցին ամբողջական ներուժով։

Այսպիսով՝ ընտրությունների արդյունքը չէր կարող համարվել ժողովրդի իրական ցանկությունը՝ նամանավանդ երկրում տիրող այդ մթնոլորտում։

Եթե Փաշինյանն իսկապես առաջնորդվեր իր ասածով՝ «Եթե ժողովուրդը ցանկանա, ես կլքեմ վարչապետի աթոռը», ապա դա պետք է տեղի ունենար հենց այն պահին, երբ հազարավոր քաղաքացիներ ամեն օր հայտարարում էին, որ նա պետք է հեռանա։ Բայց իրական քաղաքականությունն այլ բան ցույց տվեց. հրաժարականի պահանջը անտեսվեց, բողոքի ակցիաները ներկայացվեցին որպես «քաղաքական պատվեր», իսկ «ժողովուրդ» տերմինը դարձավ գործիք՝ միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու էր իշխանությանը։

Այսպիսով՝ խոստումն ամբողջությամբ կորցրեց իր արժեքը եւ վերածվեց այնպիսի ստի, որը օգտագործվում էր միայն պաշտոնին կառչելու, ոչ թե ժողովրդավարություն կառուցելու համար։

Սերժ Սարգսյանը իր հրաժարականից հետո մի անգամ ասել է. «Պաշտոնից հրաժարվելու համար պետք է դրանից ավելի կարեւոր արժեքներ ունենաս»։ Կարծում եմ՝ ավել խոսքերն ասելը պարզապես անիմաստ է։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930