Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են արդարացնել նրանց

Նոյեմբեր 28,2025 11:27

«Հետք».Նոյեմբերի 27-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստը սկսվել է հայ գերիների պաշտպանների ելույթներով։

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպան Պարվանա Գասիմովան իր հայտարարության մեջ նշել է, որ իր պաշտպանյալը հանցավոր խմբի անդամ չէ։ Նա նշել է, որ իրենք չեն ընդունում մեղադրանքի կողմի փաստարկները և խնդրել է դատարանին արդարացնել Ա. Ղուկասյանին։

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպան Վալեխ Գուրբանովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ​​ընդունում իր մեղքը և իրեն չի համարում որևէ հանցավոր խմբի անդամ։ Փաստաբանը հավելել է. «Դավիթ Մանուկյանը երբեք չի եղել որևէ անօրինական զինված խմբի հիմնադիր կամ մասնակից։ Նա զինծառայող է եղել և գործել է ռազմական կանոնադրության շրջանակներում»։

Պաշտպանը ընդգծել է, որ «տեղի ունեցածի հիմնական մեղքը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ Նա դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբան Չինգիզ Մանսուրովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կամավոր հանձնվել է 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցի զինծառայողներին։ Պաշտպանը ընդգծել է, որ Բաբայանը չի ընդունում իր մեղքը և դատարանից խնդրել է արդարացնել նրան։

Դատական հոջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930