Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի հայազգի երիտասարդ կոմպոզիտորը հայրենիքի հետ ոչ միայն ստեղծագործական, այլ ընտանեկան միության կապեր է հիմնում

Նոյեմբեր 28,2025 15:35

Aravot.am-ը շարունակում է ներկայացնել մեզանում դեռևս ոչ այնքան հայտնի, երբեմն անհայտ, սակայն արտասահմանում հաջող ստեղծագործական կարիերա մեկնարկած հայազգի և հայաստանցի երիտասարդ արվեստագետներին։ Այսօր մեր հյուրը ծնունդով Անգլիայից կոմպոզիտոր Ադամ Ադամյանն է, որի անունը ընդամենը մեկ անգամ հնչեց 2024 թ. վերջերին՝ հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական տարվա վերջին միջոցառումներից մեկում՝ «Ծովինար» կամ «Քանդակագործի երազը» բալետային ներկայացումով։

Վերջինիս չենք անդրադարձել մի քանի պատճառով, հիմա արդեն դրանք թվարկելը թեև ժամանակավրեպ է, բայց այսօր առիթը կա։ Միայն նշենք, որ մասնագիտական շրջանակներում հիացած էին բալետի երաժշտությամբ՝ շեշտելով, որ այն օրիգինալ է և ականջահաճո, ձայնագրված է անգլիական ու իռլանդական միջնադարյան գործիքներով։

Հիանալի էր ներկայացման ձևավորումը, որտեղ մեծանուն Երվանդ Քոչարի և նրա որդու՝ կինոռեժիսոր, գեղանկարիչ Ռուբեն Քոչարի աշխատանքներն էին, ընդ որում՝ կրտսեր Քոչարը նաև աշխատել է լիբրետոյի վրա։

Բայց, առանց չակերտները բացելու, ընդամենը փաստենք՝ ներկայացման բեմադրիչի աշխատանքը չէր գոհացրել ոչ հանդիսատեսին, ոչ էլ մասնագետներին։

Արժե երկու խոսքով ներկայացնել լիբրետոն՝ քանդակագործը սիրահարվում է սեփական աշխատանքին, ինչի արդյունքում կենդանանում է այն… չար ուժերն էլ ջանում են փչացնել քանդակը, բայց սերը հաղթում է, սակայն այս դեպքում ամբողջովին հաղթանակ չես կարող տոնել, քանի որ քանդակը խոստովանում է՝ պետք չէ կենդանանալ, այլ ընդամենը մնալ աշխատանք, որ դարերով անմահ լինի, հիշվի, հիշատակվի…

Հիմա ներկայացնենք Ադամ Ադամյանին։ Նա վաղուց է սկսել իր համար բացահայտել երաժշտությունը, հատկապես կինոերաժշտությունը։ «Արդեն 10 տարեկանից ընտանեկան տեսանյութերի համար առանձնացված պահոցում խնամքով տեղ էի հատկացնում նաև նախընտրածս ֆիլմերին, ավելի ճիշտ՝ դրանց երաժշտությանը։ Այդպես սկսեցի ինձ համար հայտնաբերել երաժշտության կախարդական աշխարհը կինոյում։ Միառժամանակ անց սկսեցի արդեն ուսումնասիրել երաժշտություն, նվագել ստեղնաշարային գործիքներ, մի խոսքով՝ այդպես սկիզբ դրվեց ուսումնառությանս»,– ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե կարող է հիշել՝ առաջին անգամ որ հեղինակի կինոերաժշտությամբ է ազդվել, կոմպոզիտորը պատասխանեց. «Ամենաազդեցիկ կոմպոզիտորն ինձ համար Քենջի Կավայն է, որին հայտնաբերեցի որպես ասիական կինոյի երկրպագու՝ դիտելով Ghost in the Shell անիմացիոն ֆիլմը։ Կրկնեմ՝ անմիջապես տպավորվեցի այդ զարմանալի հորինված երաժշտությունից և այն հանգամանքից, որ վերջինս առաջին հերթին ազդեցություն է ունեցել հենց ֆիլմի վրա։ Տպավորված եմ նաև այլ կոմպոզիտորների այս ժանրում գրված մեղեդիներից։ Մեկ-երկուսի անունը, թերևս, բարձրաձայնեմ՝ Էննիո Մորիկոնե, Ռյուիչի Սակամոտո, Ջո Հիսայիշի, Հանս Զիմմեր»։

Ադամ Ադամյան-Լուսինե Մովսիսյան զույգը

Արվեստագետը տեղեկացրեց՝ ուսումնառությունից հետո անմիջապես սկսել է ստեղծագործել ոչ միայն ֆիլմերի ու անիմացիաների, այլ թրեյլերների, գովազդային ընկերությունների հոլովակների և այլնի համար։ Այդպիսով՝ ստեղծագործական աշխատանքները նրան տարել են ոչ միայն եվրոպական երկրներ, այլ Ամերիկա։ Օրինակ՝ ԱՄՆ-ում հիմնել ու ելույթներ է ունեցել իր բենդի հետ և այլն։

Անդրադառնալով Երևանում ընդամենը մեկ անգամ ցուցադրված բալետային իր ներկայացմանը՝ մեր զրուցակիցն անկեղծացավ, թե ի սկզբանե Ռուբեն Քոչարի հետ մտադրություն են ունեցել այն ներկայացնել Երևանի օպերային թատրոնում՝ վերջինիս բալետային խմբի մասնակցությամբ։ «Օրերս Ռուբենի հետ հանդիպեցինք օպերային թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանին, բովանդակալից, արդյունավետ զրույց ունեցանք։ Նա, ողջունելով մեր նպատակը, խորհուրդ տվեց, որ բեմադրությունն իրականացնի խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը, եթե նա, իհարկե, համաձայնի առաջարկին։ Հիմա աշխատանքի բերումով պետք է շտապ մեկնեմ, բայց Ռուբենը կհանդիպի խորեոգրաֆին, իսկ արդյունքին անհամբեր կսպասեմ»,– հայտնեց կոմպոզիտորը։

Ի դեպ՝ զրույցի ընթացքում նա մի քանի անգամ նշում էր, թե երկու տարեկանից իր տատիկի ու պապիկի ուղեկցությամբ մշտապես այցելել է Հայաստան, և պապիկն է իրեն ծանոթացրել Ռուբեն Քոչարի հետ։ Հետաքրքրվեցինք նաև արվեստագետի ընտանեկան դրությամբ։ Պարզեցինք, որ Ադամ Ադամյանի մայրը պարուհի է, ծնունդով Բեյրութից, հայրը՝ Հայաստանից Եվրոպա մեկնած ու այնտեղ հաստատված գործարար, որտեղ էլ ընտանիք են կազմել։ Իսկ պապիկը՝ անվանի գրող, հրապարակախոս Մանվել Ադամյանն է, որն էլ թոռանը՝ Ադամին, ծանոթացրել է Քոչար Կրտսերի հետ։

Հիմա գուցե ամենակարևորի մասին. «Ծովինար» կամ «Քանդակագործի երազը» բալետի երաժշտությունը կոմպոզիտորից պահանջվել է երկու տարի, և այս ստեղծագործության համար գրվել է նաև վոկալ պարտիա։ Փնտրտուքների արդյունքում Ադամը ծանոթացել է կոլորատուրային սոպրանո Լուսինե Մովսիսյանի հետ, որը բալետում կատարում է վոկալ պարտիան… Միանգամից ասենք, որ վերջերս կայացել է նրանց նշանադրությունը։ Ի դեպ՝ Լուսինեն վաղամեռիկ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանի և անվանի, սիրված դերասան Հարություն Մովսիսյանի դուստրն է։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930