Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ եւ ԵՄ միջեւ արդեն իսկ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը»․ խորհրդարանը վավերացրեց համաձայնագիրը

Նոյեմբեր 28,2025 15:26

Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Կողմ քվեարկեց ՔՊ խմբակցությունը, ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում ասաց, որ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները։ «ՀՀ եւ ԵՄ միջեւ ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը և, ըստ էության, այս համագործակցության շրջանակներում է նաեւ, որ Հայաստանում տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Եվ ՀՀ-ն ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաեւ աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որոնք մեր եվրոպացի գործընկերներն իրականացնում են։ Այս պահին գործում են ԵՄ նման 20 առաքելություններ, որոնց մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով, օրինակ, Բոսնիայում եւ Հերցեգովինայում գործող առաքելությունը, կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից՝ ԵՄ առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաեւ Հայաստանի դեպքում է տեղի ունեցել»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի կողմից առաքելությունների մասնակցելու մասին հարցին՝ Վահան Կոստանյանն ասաց․ «Այս պահին դեռ հստակ որոշում չունենք՝ որեւէ առաքելության մասնակցելու։ Կան հարցեր, թե մենք ինչպես ենք մասնակցելու այս կամ այն առաքելությանը, ֆորմալ կողմը, որն արձանագրված է համաձայնագրի մեջ, ասում է, որ ԵՄ-ն հրավեր է ուղարկում, եւ Հայաստանը դիտարկում է այդ առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը՝ մերժում է կամ հաստատում է։ Բայց, բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական պրոցեսի պարագայում, այստեղ նաեւ նախնական կոնսուլտացիաներ են տեղի ունենում։ Եվ ՀՀ-ն մեր եվրոպացի գործընկերների հետ ոչ ֆորմալ քննարկումների ընթացքում հնարավորություն ունի հայտնել, թե որոնք են այն առաքելությունները, որոնց պոտենցիալ մասնակցելու ցանկություն ունի ՀՀ-ն»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Եթե ասում եք, որ բուն համակարգն արդեն աշխատել է քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում, ինչո՞ւ է այս պայմանագրի անհրաժեշտությունն առաջանում։ Կարելի է այդ նույն մեթոդով քայլերն իրականացնել։ Նախ կխնդրեի, որպեսզի հրապարակեիք, թե որ երկրներն են, որ ԵՄ հետ ունեն այսպիսի համաձայնագրեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրներից կան, թե՞ ոչ։ Երկրորդ, ռազմական բլոկի շրջանակներում համագործակցությունն ի՞նչ է ավելի կոնկրետ ներկայացնում իրենից։ Հայկական զինված ուժերը մասնակցո՞ւմ են, չեն մասնակցում, եւ արդյոք այդ հարցի քննարկումը նորից ենթադրելո՞ւ է պառլամենտի ներգրավում»։

Վահան Կոստանյանն ասաց, որ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն նմանօրինակ պայմանագրեր ԵՄ հետ։ Նա ասաց՝ որքանով հիշում է, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները նմանօրինակ համաձայնագրեր ԵՄ հետ չունեն։ «Ինչ վերաբերում է առանձին առաքելություններին, քննարկումներ սկսելու ԵՄ հետ՝ միանալու այս կամ այն առաքելությանը, ուզում եմ ասել, որ մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելություններին մասնակցելուն։ Ռազմական առաքելություններին մասնակցելու պարագայում, բնականաբար, ՀՀ Սահմանադրությամբ եւ Զինված ուժերի մասին օրենքով անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի կունենան»,- նշեց Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հարցերի նախագահ Արման Եղոյանն ասաց. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական, ծայրահեղ ծանր իրավիճակում՝ 2022 թվականի աշնանը։ Եվ դրա համար մենք շնորհակալ ենք, բայց այդ շնորհակալությունը մենք պետք է արտահայտենք ոչ միայն բառերով, այլ նաեւ գործերով։ Եվ հիմա, բացի շնորհակալությունից, նաեւ մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու կոնտեքստում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը դեռեւս նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու էլ չէ, նույնիսկ Ասոցացման համաձայնագիր էլ չունի, բայց արդեն մեր հարաբերություններն այնքան խորն են, որ կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային եւ պաշտպանական առաքելություններին երրորդ երկրներում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Արման Եղոյանին․ «Պարբերաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում է արտահայտություն, որ ՀՀ զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս որեւէ գործողություն չեն իրականացնելու։ Հիմա ձեր նշած հոդվածի մեջ կա զինաթափում եւ հակամարտություն, որը նշանակում է, որ չի բացառվում նաեւ ռազմական գործողություններին մասնակցություն։ Այդ դեպքում ո՞նց է տեղավորվում այդ տրամաբանության մեջ, որ մեր զինված ուժերը ՀՀ սահմաններից դուրս որեւէ բան չեն իրականացնելու»։

Արման Եղոյանն արձագանքեց․ «Շատ հանգիստ, պարոն Մանուկյան, ամեն խոսք ունենում է կոնտեքստ՝ վերաբերելի մի որոշակի երեւույթի։ Եթե դուք կոնտեքստից խոսքերը միշտ կտրեք, դա չի աշխատելու։ Ինձ թվում է՝ հասկանալի է, թե վարչապետն ինչի մասին է խոսել։ Բնականաբար վարչապետը չէր կարող նկատի ունենալ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով հաստատված, այսինքն՝ միջազգային լեգիտիմություն ունեցող որեւէ առաքելության ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող մասնակցություն ունենալ։ Ինչո՞ւ չենք կարող մասնակցություն ունենալ, եթե ՄԱԿ ԱԽ որոշումը կա, ի՞նչ խնդիր կա այդտեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահան Կոստանյանն իր եզրափակիչ ելույթում ասաց․ «Ինչ վերաբերում է նրան, որ ԵՄ-ն կարող է առաջարկել, եւ ՀՀ-ն կարող է հաստատել կամ մերժել այս կամ առան առաքելության մասնակցությունը, եւ դուք մտահոգություններ ունեք այդ մասին,որ Հայաստանը չի մերժի։ Ինձ թվում է՝ դուք շատ սխալ տպավորություններ ունեք ոչ թե ՀՀ-ԵՄ, այլ առհասարակ ՀՀ եւ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, որտեղ մենք առաջնորդվում ենք միայն մեր ազգային շահերով»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930