Լրահոս
Օրվա լրահոսը

Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել. Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 01,2025 11:40

Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը

Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։

  • Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ երկիրը դուրս կգա այս տոքսիկ թեմայից։
  • Երբ օրենքի ուժով կասեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անմիջապես կսկսվի քաղաքական դաշտի առողջացման պրոցեսը։ Կդադարի բազմաթիվ անիմաստ կուսակցությունների գոյությունը։ Ասելիք ունեցող բազմաթիվ նոր դեմքեր կինտեգրվեն առկա կամ նոր ձևավորվող առողջ քաղաքական ուժերում։
  • Երբ գտնվի ճիշտ բանաձևը՝ տասնամյակների ընթացքում անարդար հարստացածների «Փոխհատուցում Հայաստանին» գաղափարի համար, և երբ մենք վերջապես շրջանառությունից հանենք «թալանչի» տոքսիկ ձևակերպումը, թույլ կտանք՝ զգալի կապիտալ մտնի Հայաստանի զարգացման ծրագրեր, այլ ոչ՝ գործարքային գրպաններ։
  • Երբ Արցախի մեր հայրենակիցները զանգվածաբար և հրապարակային սկսեն մերժել իրենց թեմի պսևդոառաջնորդին, նա կհասկանա, որ ինքը ոչ մեկի առաջնորդն է։
  • Երբ ՔՊ-ականները վերընթերցեն իրենց առաջնորդի թերթում տպագրված (երբեմն՝ անձամբ հեղինակած) բազում հոդվածները Կճոյանի մասին ու չվախենան հարց տալ՝ Մեծարգո, հիմա մենք նրա՞ հույսին ենք, արդեն այդ կասկածը մարդկային կենդանության հույսեր կարթնացնի։
  • Երբ այս իրականությունը մերժող յուրաքանչյուր ոք իր «մեծարգոյահպատակ» բարեկամին, ընկերոջը հարազատին տեսնելիս ցույց տա իր հստակ քաղաքացիական վերաբերմունքը, երկրում մթնոլորտն էապես կհստականա, կզուլալվի։
  • Երբ ցանկացած միջավայրում տրվի մեկ պարզ հարց. մենք հո անասո՞ւն չենք, որ ամեն ինչ հանդուրժենք, ո՞նց կարող են բոլոր այն եպիսկոպոսները, որոնց մեղադրել են կուսակրոնության խախտման, սրբապղծության, գողության և այլ հանցանքների մեջ, հավաքվեն վարչապետի շուրջ ու պահանջեն այլ հոգևորականի հրաժարական։

Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել։ Արդեն ֆիզիկապես հնարավոր չէ շնչել. Երևանը օդի աղտոտվածությամբ գազախցիկի է նմանվում։ Երբ յուրաքանչյուրն իր երեխայի առողջությունը կարևորի ավելի, քան իր կոնֆորմիզմը և «քաղաքականությամբ չզբաղվելը», մեր երկիրը լրիվ այլ վիճակում կհայտնվի։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031