Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։ Այդ երկու մասը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնությունն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը դա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ երբեք մեծամասնություն չի կազմի և այդ սրբապիղծ մասը կոչվում են փաշազադեականներ։
Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել թե ով ում է ծառայում և ով ինչ նպատակ է հետապնդում։
2025 թվականի նոյեմբերի 30-ին ևս մեկ ոչ կանոնական պատարագ տեղի ունեցավ և այս անգամ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այնտեղ, որտեղ ամենաքիչն էինք սպասում։ Այն պահին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողորմությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին և արդարությունն ու խաղաղությունը միմյանց ողջույններ փոխանցեցին, այդ ժամանակ Երևանի Սուրբ Սարգիս Եկեղեցում պղծությունն ու դավաճանությունը իրար հանդիպեցին ու պառակտումն ու պատերազմը իրար ձեռք սեղմեցին։ Հերթական Եկեղեցին պղծվեց ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ հայ ազգի առաջնորդությունը ստանձնելու հավակնություն ունեցող ընտրյալ հայորդիներ գիտեն։
Աշխարհի առաջ մենք կորցնում ենք մեր հարգանքն ու ակնածանքը։ Պետք չէ զարմանալ Հռոմի Պապի թուրքի առաջ խոնարհվելուց այն դեպքում, երբ նույն բանը հայկական ազգանուններով փաշազադեականներն են անում։ Հայ հասարակության մեջ խիստ փոքրամասնություն կազմող Փաշազադեականների մեծ մասը, վստահ եմ, անգիտակցաբար է ողջունում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի հերձվածողական շարժումը։
Կարդացեք նաև
Սուրբ Էջմիածնականներն ու ազգային ուժերը պետք է ջանք չխնայեն, բացատրական աշխատանքներ կատարեն ու փրկեն մարդկանց հոգիները վերահաս կործանումից։ Այն մտավորականները, ովքեր էկրանի առաջ իրենց հավատարմությունն են արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին և ոչ միայն այդ մտավորականները, բոլորով միասնաբար պետք է ներգրավվենք այս տեղեկատվական պատերազմի մեջ ու որքան հնարավոր է մարդկանց հոգիները փրկենք, որովհետև մեծ մասը, ինչպես ասացի, չեն հասկանում թե ինչ կեղտաջրի մեջ են իրենք փորձում մաքրվել, իսկ նրանք ովքեր գիտակցաբար են անում, նրանք մաքրվելու մասին չեն մտածում, որովհետև իրենց բնությամբ արդեն իսկ անսուրբ են, նրանց թող Աստված դատի իր արդար ու անկաշառ դատաստանով։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































