Լրահոս
Օրվա լրահոսը

105 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանը ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

Դեկտեմբեր 01,2025 12:08

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հռչակվել են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման քսանհինգ տարիներ տևած (1994-2019թթ.) խաղաղ բանակցություններում հայկական կողմը քննարկման առարկա դարձրե՞լ է այս փաստը:

Փաստորեն, 105 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Ադրբեջանը իրավաբանորեն՝ փաստաթղթային ձևակերպմամբ, ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Ադրբեջանի կողմից փաստաթղթային ձևակերպում ստացած վերոնշյալ փաստի առկայությամբ առոչիչն է Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:

Ստորև՝ նշված թերթի բնօրինակի համապատասխան հատվածի լուսապատճենը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031