Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսքան տարի մեր նյարդերի հետ եք խաղում, ինչու մենք չենք կարող նույնը ձեզ հետ անել. Յուրի Խաչատուրովը՝ դատավորին

Դեկտեմբեր 01,2025 13:08

Հակակոռուպցիոն դատարանում Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործի քննությունը։

Դատավորը հարցրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՝ 2018թ ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը ռուսերեն թարգմանությամբ: Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ ռուսերեն թարգմանությամբ միայն մեղադրանքի որոշումն ու խափանման միջոց կիրառելու միջնորդությունն են ստացել: Նա ասաց նաեւ, որ մշտապես թարգմանության հարցը բարձրաձայնվել է, մի քանի անգամ էլ գրավոր միջնորդություն է ներկայացվել: Խաչատուրովի պաշտպանը հավելեց, որ առնվազն այս փուլի համար ցանկանում են թարգմանված ունենալ մեղադրական ակտը, որպեսզի հնարավորություն ունենան դիրքորոշում արտահայտել:

«Ես տեսնում եմ, որ դուք մեծ խնդիրներ ունեք ինձ համար՝ փաստաթղթերի թարգմանության հետ կապված»,-դատարանին դիմեց Յուրի Խաչատուրովը: Դատավորն ասաց, որ նման խնդիր չկա:

 

«Որպեսզի ձեր աշխատանքը թեթեւացնեմ, մանավանդ որ տուժողները նույնպես դեմ չեն, հատկապես որ ձեր ներսում էլ նստած է այն համոզումը, որ 100 տոկոսով ես ոչ մի բանում մեղավոր չեմ, ձեր քարտուղարի մոտ էլ է նույնը, իհարկե բացի դատախազից, դուք ինձ ազատեք բոլոր գործերից ու ձեր գործերով զբաղվեք»,-ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը:

«Եթե համապատասխան փուլում ձեզ մեղսագրվող արարքը չհաստատվի, դատարանը ձեր նկատմամբ կկայացնի արդարացման վերդիկտ, եթե հաստատվի՝ մեղադրական վերդիկտ, հիմա այդ փուլում չենք գտնվում…Եթե հասնենք այդ փուլին, լինեն համապատասխան միջնորդություններ…»,-խոսքը չավարտեց դատավորը:

«Ուրեմն ամբողջը հերթով թարգմանեք»,-ասաց Խաչատուրովը:

Ի պատասխան դատավորի հարցի՝ նա նաեւ նշեց, որ չի հիշում՝ արդյոք 2018-2019թթ մեղադրանքի որոշումն իրեն ռուսերեն թարգմանությամբ փոխանցվե՞լ է, որովհետեւ 3 անգամ ծանր առողջական խնդիր է ունեցել: Դատավորն ասաց, որ եթե նյութերն անձամբ Խաչատուրովը կարդալու է ու գալու է դատարանում դիրքորոշում հայտնելու, կարող են թարգմանելու հնարավորություն ընձեռել, բայց եթե կրկին փաստաբանն է խոսելու, իսկ Խաչատուրովն ասելու է, որ չի ցանկացել կարդալ, դա արդեն ձեւական մի բան կլինի:

«Եթե դուք այսքան տարի մեր նյարդերի հետ եք խաղում, ինչո՞ւ մենք չենք կարող նույնը ձեզ հետ անել»,-ասաց Խաչատուրովը: Ապա պնդեց, որ ռուսերեն թարգմանվեն նյութերը, որպեսզի նոր ծանոթանա մեղադրանքին: «Բայց դատարանը ձեզ հարցեր է ուղղելու, անհարմար դրություն կլինի, եթե այդ հարցերին պատասխանելիս հայտնեք, որ չեք կարդացել»,-ասաց դատավորը: «Եթե դուք ինչ-որ մի տեղ դասավանդում եք, ես ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք, ու ես ձեզ պատասխանեմ»,-ասաց Խաչատուրովը:

«Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դրա համար պարտավոր եք դրսեւորել պատշաճ վարքագիծ »,-ասաց Սարգիս Պետրոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031