Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

«Թուրքիան առանցքային գործընկեր է, բայց չեմ կարող Թուրքիային կամ որևէ մեկին ստիպել»․ Մարթա Կոսը՝ սահմանի բացման հարցում Թուրքիային ստիպելու առիթով

Դեկտեմբեր 02,2025 10:19

«Չեմ կարծում, որ կարող եմ Թուրքիային կամ որևէ մեկին ստիպել ինչ-որ բան անել: Այն, ինչ ես կարող եմ անել, լավ հարաբերություններ ունենալն է այն ոլորտներում, որտեղ ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը նաև մեր ռազմավարական շահերից է բխում»,-հարցին՝ ինչպե՞ս կարող եք ստիպել Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացման հարցում, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Փաստելով, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները կանգ են առել 2018-ին, միևնույն ժամանակ հանձնակատարը նշեց․ «Մյուս կողմից, Թուրքիան առանցքային գործընկեր է կապակցվածության օրակարգում: Գիտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև շատ լավ հարաբերությունների մասին, բայց միևնույն ժամանակ, Թուրքիան նույնպես հասկանում է ձեր սահմանային անցակետերի կարևորությունը: Մենք նրանց հետ քննարկում ենք նաև համագործակցության այս տեսակը»։

Հարցին՝ ԵՄ-ն TRIPP նախաձեռնության շրջանակներում ինչպե՞ս է պատկերացնում իր ներդրումն ու ներգրավվածությունը, Մարթա Կոսը պատասխանեց․ «42 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև պայմանավորվածություն է։ Մենք նույնպես խոսում ենք ամերիկացիների հետ, որովհետև մեզ համար, և կրկին, ավելի մեծ պատկեր ունենալով, դա ամբողջ կապակցվածությունն է: Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է»։

ԵՄ հանձնակատարը հայտնեց, որ հանդիպել է ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանին, խնդրել ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար․ «Մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները: Մենք քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս առումով ԱՄՆ-ի համագործակցությունը կամ ներգրավվածությունը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու՝ 42 կիլոմետր կառուցելը»։

Խոսելով ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի մասին՝ Մարթա Կոսն ասաց, որ կունենանք ավելի ուժեղ անվտանգային և պաշտպանական համագործակցություն ու աջակցությունը ՀՀ-ին կլինի ոչ միայն տնտեսապես, այլև առաջխաղացման առումով․ «Մեր աճի ծրագիրն է (Growth Plan) ձեր երկրի համար, որտեղ մենք ներդնում ենք մեր գումարները և փորձագետներին տնտեսական զարգացման ոլորտում, ինչպես նաև ձեր ինստիտուտների հզորացման գործում: Եվ, իհարկե, մենք այժմ նաև օգնում ենք ձեր երկրին նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կամ կիբերանվտանգության հարցերում աջակցելու առումով։ Եվ, իհարկե, կա տարածաշրջանում ամբողջական կապակցվածության օրակարգը:

Երբ ես Տաշքենդում էի, մենք ստորագրեցինք «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը՝ 500 միլիոն եվրո արժողությամբ։ Այս մեծ նախագծերում, հատկապես կապակցվածության ոլորտում, մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ, և այս դեպքում դա գերմանական KFW բանկն է: Այսպիսով, դա 500 միլիոնանոց ներդրում է ձեր էներգահամակարգը վրացականի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էներգահամակարգերի վրա, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031