Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ
– Եկեղեցու շուրջ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պայքարը տեղափոխվել է ներեկեղեցական դաշտ, հոգեւոր դասի միջոցով է իշխանությունը փորձում պայքարել Վեհափառի, կառույցի դեմ։ Այս իրավիճակում ո՞վ անելիք ունի՝ քաղաքական ուժե՞րը, գուցե հոգեւորականնե՞րը, ինչպե՞ս անել, որ կասեցվի այս ընթացքը։
– Իմ կարծիքով, դժվար չէ տարբերակել Եկեղեցու դեմ պայքարող հոգեւորականներին, մենք՝ շարքային քաղաքացիներս, ընդամենը պետք է համախմբվենք Եկեղեցու շուրջ եւ թույլ չտանք տարբեր տեսակի մտքի թռիչքներ։ Որեւէ բան մեր երկրում իշխանությունների կողմից պատահական չի ասվում եւ չի արվում, եթե մտածում եք՝ ինչ-որ բան ասվել է, հետո մոռացել են, նման բան գոյություն չունի, իզուր չեն ասում՝ լավագույն երկու բժիշկ կա՝ ժամանակն ու տարածությունը։ Ահա՝ այդ ժամանակի բժիշկն ինչ-որ իմաստով նաեւ հակառակն է աշխատում, գաղափար է նետվում դաշտ, որոշ ժամանակ անց մոռանում են, հետո ինչ-որ պահից դա դառնում է իրականություն։ Հիմա, այս պահին ոչ ամբողջովին, բայց ինչ-որ չափով հասնում են Եկեղեցին պառակտելու նպատակին, մենք տեսնում ենք պառակտված հոգեւորականություն, ասում են` գյուղ չկա, որ շուն չլինի, բայց, ցավոք, շատ են նրանք։ Չերչիլի հայտնի խոսքն են․ «Յուրաքանչյուր ազգի տիրելու համար երկու պայման է պետք՝ փոքրաթիվ դավաճաններ եւ մեծ թվով հիմարներ»։ Մեզ մոտ դավաճանների թիվը կարծես քանի գնում՝ ավելանում է։ Մեր պատմությունից էլ դասեր չենք քաղել, որ միշտ պարտվել ենք պառակտությունների պատճառով, արտաքին թշնամին մեր միասնականության դեպքում որեւէ անգամ հաջողության չի հասել, երբ էլ հաղթանակել ենք, հաջորդել են դավաճանություն, պառակտում, ինչը, ցավոք, հատուկ է մեր ազգի որոշ մասին, եւ սրանով բերել պարտության: Զարմանալի է՝ այսպես ո՞նց ենք գոյատեւել դարեր, հարյուրամյակներ շարունակ։ Նման իրավիճակ է նաեւ այսօր, որի պատճառներից, ինչպես նշեցի, այդ ապատիան է, հուսահատությունը։ Այո, համաձայն եմ, որ շատերը չգիտեն այսօր ինչ անել, շատերն էլ պայքարի փորձեր արել են` չեն հաջողել, հուսահատվել են ու ոչ մեկին չեն վստահում, ինչն ամենավատն է։ Սա վերաբերում է նաեւ որոշ քաղաքական ուժերի, որոնք իրենց վարքագծով վստահություն չեն ներշնչում իրենց նկատմամբ։ Ես՝ ինքս էլ կդժվարանամ ասել՝ ինչ է պետք է անել, բայց պետք է հաստատ ինչ-որ բան անել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































