Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական․ որոշումը դեռ կայացված չէ»․ Մարթա Կոսը՝ Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու մասին

Դեկտեմբեր 02,2025 10:30

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական, և այն գտնվում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ»,-լրագրողների հարցին՝ ի՞նչ նորություն կարող է հայտնել Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հետ կապված, Բրյուսելում հայ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է արդեն 5 տարի։ Սա նշանակում է, որ Հայաստանի փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելք՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։

Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Դրան համապատասխան՝ հայկական և եվրոպական ավիաընկերությունները երկրների միջև ազատ թռիչքների իրավունք ստացան։ Սակայն համաձայնագրի իրագործումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հայաստանը կշարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏԿԵՆ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի կողմից այս տարվա սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց։

Հանձնակատարը վստահեցրեց՝ սա տեխնիկական գործընթաց է, և այն ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ․ «Մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որոնք այնուհետև կֆինանսավորվեն: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարությանը այս հարցում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031