ԱԺ նստաշրջանում քննարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Ես նորից պիտի շեշտադրեմ, որ ապահովագրությունը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը»։
Ըստ նրա՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին միավորում են մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռեն բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը։ «Դրա արդյունքում կարող ենք ստանալ շատ ավելի հավասարակշռված փաթեթ այն արժեքով, որն այլ պարագայում դժվար էր լինելու ապահովել։ Սա հիմնական սկզբունքներից մեկն է, այսինքն՝ ստեղծվում է բազային պետական ապահովագրական փաթեթ, որը նույնական է լինելու բնակչության բոլոր խմբերի, անհատների համար՝ մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամ։ Բայց նաեւ այս օրենքը հստակ կարգավորում է, որ այս բազային փաթեթից դուրս ծառայություններ ստանալու համար, ինչպես նաեւ հավելյալ կոմֆորտային պայմաններ ծառայություններ ստանալու համար մեր երկրում շարունակելու է գործել մասնավոր ապահովագրման մեխանիզմները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ 2026 թվականին առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետեւյալ խմբերը՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-60 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող անձինք։ «Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից եւ նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը՝ պետական բյուջեի շրջանակներում։ Հաջորդ խումբը, որը ներառվելու է 2026 թվականից, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են։ Եվ նրանց համար էլ կառավարությունը առաջին տարվա ֆինանսական բեռը մեղմելու համար ներդնելու է սուբսիդավորման համակարգը»,- հավելեց նախարարը։
Նա ասաց, որ այս համակարգը նաեւ վեր է հանելու տարիներով թաքնված խնդիրները, որոնց լուծումներ պետք է տալ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































