«Տիկին նախարար, դուք երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեցիք, որ ներկայացնում եք երկրի կարեւագույն ռեֆորմներից մեկը։ Բայց հետո սկսում եք ինքներդ ձեզ հակասել, որ սա բոլորին չի վերաբերում, սա համընդհանուր առողջապահական ապահովագրություն է, բայց համընդհանուր չէ, որովհետեւ հենց նոր ասացիք՝ ներառում է բոլորին, բայց անհատի բոլոր հարցերը չի կարգավորում։ Ուրեմն, եկեք ասեք, որ սա ապահովագրություն է մի խումբ անձանց համար, եւ այդ մի խումբ մարդկանց հստակ թիվ հրապարակեք, որ կոնկրետ այս թվով վերաբերելի մարդկանց նախագիծ է։ Եվ անունը մի դրեք համընդհանուր առողջապահական ապահովագրություն»,- ԱԺ նստաշրջանում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանը հարցրեց նախարարին՝ փաթեթները կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ եղանակով են հանրայնացվելու, որ քաղաքացին մտնի որեւէ բուժհաստատություն եւ հասկանա, թե ինչ ծառայություններից է օգտվելու։
Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց, որ սա պատմական իրավական փաթեթ ու համակարգ է, այո, այն համընդհանուր է, որովհետեւ երեք տարվա ընթացքում խումբ-խումբ ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին։ «Որեւէ երկրի բազային ապահովագրական փաթեթ չի փակում մարդու բոլոր կարիքները, չկա նման բան։ Եվ մենք էլ չենք խոստանում չեղած բաներ, շատ հստակ ենք մեր քաղաքականության մեջ։ Փաթեթը եւ դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն պատրաստ են, եւ հենց օրենքն ընդունվի, կդրվեն կառավարության քննարկմանը եւ կընդունվեն։ Դրանից հետո կհրապարակվեն, բացի հրապարակվելուց, այս ցանկերը հասանելի կլինեն մեր հեռախոսներում, ԱՐՄԵԴ հավելվածում, որտեղ մարդը կկարողանա հարցեր ուղղելով՝ գտնել՝ արդյոք իրեն անհրաժեշտ ծառայությունը մտնո՞ւմ է այս փաթեթի մեջ, թե ոչ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
«Տիկին նախարար, դուք ասում եք՝ մենք սա անում ենք՝ որպես կյանք փրկող նախաձեռնություն, բայց հիմա մենք ունենք կյանք փրկող բազմաթիվ ծրագրեր։ Դուք ձեզ հակասում եք, այսինքն՝ էն նախորդները ոչ մի կյանք չե՞ն փրկել, հիմա դուք նոր համակարգ եք ստեղծում, որ նոր կյանքեր փրկե՞ք»,- հարցադրումը շարունակեց Թագուհի Թովմասյանը։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Իհարկե, կյանքեր են փրկվել, 2018 թվականից հետո մեր պետական պատվերի շրջանակներում սպասարկվող դեպքերի թիվը կրկնակիից ավելի ավելացել է։ Մեր երկրում 2024 թվականին կյանքի միջին տեւողությունը դարձել է 78,6 տարեկան։ Բայց այսօր 400 հազար հոգի 65+ պլյուս անձինք չեն օգտվում պետական պատվերի ամբողջական ծառայություններից։ Եվ ապահովագրության շրջանակներում է, որ կարողանալու են այդ ծառայություններից եւ ավելի շատ ծառայություններից օգտվել»։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Հայաստան» խմբակցության պատգանավոր Արման Ղազարյանն էլ հարցրեց․ «Տիկին Ավանեսյան, առաջին հայացքից թվում է, որ շատ մեծ բան եք անում, չնայած այն բանին, որ ոչ մի թիվ չհնչեցրեցիք դուք։ Ես ուզում եմ թվեր հնչեցնեք՝ 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ քանի՞ 65 եւ ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից։ 0-18 տարեկանները հիմա էլ են օգտվում, ըտեղ նոր բան չեք անում, հաշմանդամության խումբ ունեցողները հիմա էլ են օգտվում։ Բերեք ասեք՝ էդ գումարների դիմաց ինչպիսի՞ ծառայություններ եւ բուժօգնություններ են սահմանվում»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սա հեղափոխական մոտեցում է առողջապահական համակարգում, որովհետեւ ֆինանսավորման ամբողջական նոր մոտեցում է։ «Մինչեւ 18 տարեկան երեխաները մեր երկրում 700 հազար հոգի են, եւ, այո, նրանք նաեւ մեր կառավարության շնորհիվ այսօր օգտվում են պետական պատվերից, եւ դա եղել է շատ կարեւոր որոշում․ 2019 թվականին մինչեւ 18 տարեկան երեխաները ներառվեցին պետպատվերի մեջ։ Նրանք՝ որպես առաջին խումբ, պետության կողմից դառնալու են ապահովագրված, եւ փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը, նաեւ փոխհատուցման գներն են փոխվելու։ 65+ տարիքի անձինք 400 հազարից ավելի քաղաքացիներ են։ Եվ, այո, սա ահռելի մեծ թիվ է, 400 հազարից ավելի ՀՀ քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։ Ապահովագրավճարի տարեկան գումարը 129 600 դրամ է, որն ամսական գալիս է 10 800 դրամ։ Ծառայությունների ցանկը թվելու համար ինձանից կպահանջվի երեք ժամ»,- ասաց Ավանեսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































