Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Դեկտեմբեր 02,2025 13:21

Դեկտեմբերի 3–ը Հաշմանդամների միջազգային օրն է: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 4-ին կայանալիք համերգը նվիրված է այդ օրվան:

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգան հանրապետական և միջազգային բազում մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Լուսինե Սարգսյանն ու դաշնակահար Լևոն Կարապետյանը: Համերգը կղեկավարի մաեստրո Կարեն Դուրգարյանը:

2006-ին Հայաստանը պաշտոնապես միացավ  1992-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Հաշմանդամության միջազգային կոնվենցիային, և դա 2007-ի դեկտեմբերի 3-ին խոշորամասշտաբ համերգահանդիսային ձևաչափով նշվեց Արամ Խաչատրյան համերգասրահում (ռեժիսոր՝ Լևոն Իվանյան):

«Հույսի կամուրջ», «Փարոս», «Ունիսոն», «Կամք ու կորով» և բազում այլ կազմակերպություններ տասնամյակներ շարունակ արդյունավետ գործունեություն են ծավալում՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծման ուղիները գտնելու համար: Նրանք համագործակցում են իրենց միջազգային գործընկների հետ նույնպես՝ առավել արդյունավետ լուծումներ փնտրելու եւ դրանք տեղայնացնելու հարցով:

Հայաստանում  տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց հետ իրականացվել են թատերական, երաժշտական, գեղանկարչական, կիրառական արվեստի, մարզական և փոխհամագործակցության գործունեություն, որոնք բավականին բարձր  միջազգային վարկ են բերել հայաստանյան մշակութային խմբերին: Նրանց թվում են, օրինակ, տարատեսակ խնդիրներ ունեցող մանուկ և պատանի անձանց «Հույսի կամուրջ» հայտնի թատերախումբը իր երեսունամյա հաստատուն գործունեությամբ (ղեկավար` Հասմիկ Խաչերյան, ռեժիսոր` Լևոն Իվանյան), «Կամք ու կորով» կազմակերպության մնջախաղի խումբը (ռեժիսոր` Ռոբերտ Ծատուրյան) և այլ խմբեր, ինչպես նաև տարբեր ժանրերի  անհատ կատարողներ, մասնավորապես տեսողության ծանր խնդիրներ ունեցող երաժիշտներ և երգիչներ, ովքեր հաջողությամբ հանդես են գալիս մշակութային միջազգային հարթակներում (Հովհաննես Հովհաննիսյան` «Հույսի կամուրջ» թատերախմբի դերասան,  միջազգային հարթակներում հանդես եկած երգիչ, կոնսերվատորիայի ուսանող):

Աշխարհում բավականին շատ են հայտնի կույր երաժիշտները, այդ թվում՝  երգիչներ Սթիվի Ուանդեր, Անդրեա Բոչելլի,  ճապոնացի դաշնահար Նոբույուկի Ցուջիի,  հայ դաշնահար Լևոն Կարապետյան, եւ այլն:

Հիմա անդրադառնանք օպերային թատրոնում կայանալիք համերգին, մասնավորապես մենակատարներին, որոնք հայտնի անուն են նաև արտերկրում: Ջութակահար Լուսինե Սարգսյանը, որ սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, ապա կոնսերվատորիայում (2008-12թթ. ), արդեն 6 տարեկանում առաջին մրցանակ է շահել Ուկրաինայում կայացած «Փոքրիկ արքայազնը» մրցույթում: Ուսանել է պրոֆեսորներ Ալեքսանդր Կոսեմյանի, Վիկտոր Խաչատրյանի, Նիկոլայ Մադոյանի դասարաններում: 2017-ից բացառապես առաջին մրցանակներ է շահել Սանկտ Պետերբուրգում, Պրահայում, Իտալիայում կայացած մրցույթներում: Նրա վերջին մրցութային մասնակցությունը 2024թ. Իսպանիայում կայացած «Fiestalonia Spain 2024-See Sun Festival» միջազգային փառատոն-մրցույթին էր, որտեղ նա արժանանացավ առաջին տեղի մրցանակի և պարգևատրվեց ոսկե գավաթով: Մենահամերգներով հանդես է եկել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային բեմերում:

Իսկ դաշնակահար Լևոն Կարապետյանը, որ սովորել է  Ա.Հեքիմյանի, Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, առաջին մենահամերգն ունեցել է 6 տարեկանում: Կոնսերվատորիայում էլ ուսանել է պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում, ապա մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի ու Լորան Կաբասոյի ղեկավարությամբ: Շարունակելով վարպետության դասընթացները, կատարելագործվել է նաև հռչակավոր դաշնակահարներ  Բորիս Բերմանի, Բեռնար Դասկոլիի, Ալբերտ Մամրիևի, Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ: Իսկ հայ ականավոր վիբրաֆոնիստ Տիգրան Պեշտմաջյանի մոտ ուսումնասիրել է ջազային երաժշտություն: Դաշնակահարի մենահամերգային աշխարհագրությունը շատ լայն է՝ Փարիզ, Լիոն, Ստրասբուրգ և այլն: Նրա առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2010թ. ԱՄՆ-ում: Ջութակահարի արվեստի մասին հիացական կարծիքներ են հայտնել կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, դաշնակահար-կոմպոզիտոր Զոհրաբ Փարեմուզյանը, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը: Իսպանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում միջազգային դափնիներ շահած երաժիշտը նվագախմբերի հետ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Չեխիայում դիրիժորներ Կարեն Դուրգարյանի, Ռուբեն Ասատրյանի, Սերգեյ Սմբատյանի, Միխայիլ Տատարնիկովի, Միխայիլ Սենկևիչի, Օնդրեյ Բրևեկի ղեկավարությամբ: Երևանյան համերգում Լևոն Կարապետյանը հանդես կգա Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտի, իսկ Լուսինե Սարգսյանը՝ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031