«2021 թվականին ես ներսից` իմ թիմի հետ, տեսել եմ՝ ի՞նչ է նշանակում, երբ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ։ Ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Այդ ժամանակ թիմին լքելը կլիներ դավաճանություն։ Պետք էր ձիգ կանգնել․ հարցը ոչ թե ՔՊ–ի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։ Դրանից հետո, ես կարծում եմ, որ հատկապես այս տարի, շատ լավ արդյունքների ենք հասել՝ անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել։ Մենք հիմա հասել ենք այն վիճակի, որ պետք է մարդիկ աշխատեն, երջանիկ լինեն, խաղաղ ապրեն»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ բացատրելով, որ իր եւ իր թիմի պարբերաբար ինքնազոհություններից հետո «Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ», ուստի ինքն այլեւս անհրաժեշտություն չի տեսնում հաջորդ խորհրդարանում քաղաքական գործունեություն ծավալելու։
«Ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ, որտեղ որ աշխատել եմ 2018 թվականից առաջ։ Մեծ պլաններ ունեմ, ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ»,- ասաց նա։
Հակադարձելով լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ԱԺ պատգամավոր լինելը լավ ցատկահարթակ է բիզնես ոլորտ անցելու համար, Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ես 2018-ից առաջ աշխատել եմ, բիզնես եմ ունեցել, շատ ավելին եմ վաստակել, քան Ազգային ժողովում եմ վաստակում»։
Քրիստինե Պողոսյանը մնալու է ՔՊ շարքերում․ «Երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրենց կողքին»։ Վստահ է՝ 2026-ին ՔՊ-ն «լավ հաղթանակ է ունենալու»։ Նիկոլ Փաշինյանից էլ հիասթափված չէ․ «Ես սիրում եմ իմ թիմը։ Նույն ձեւ վերաբերվում եմ պարոն Փաշինյանին։ Ոչ մեկից հիասթափված չեմ։ Ինքն իմ ավագ ընկերն է, կուսակցությունը՝ այն կուսակցությունը, որի համահիմնադիրներից մեկը ես եմ եղել, ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»։
Կարդացեք նաև
Վստահեցրեց՝ իր որոշման վրա Նիկոլ Փաշինյանն ազդեցություն չի ունեցել, այդ մասին նրա հետ քննարկում չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































