Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարա չխոսեմ, սիրտս պատռվում է»․ Վարդան Ղուկասյանը՝ դատավորին՝ իրեն «զրպարտած» ոստիկանների մասին

Դեկտեմբեր 02,2025 16:28

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ընթացող դատավարությանը  միջնորդություն ներկայացրեց  Վարդան ու Սպարտակ Ղուկասյանների փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դատարանին խնդրելով ապահովել իր վստահորդների անվտանգությունը «զրպարտչությամբ զբաղվող» ոստիկաններից։

Նա նշեց, որ նախորդ դատական նիստից հետո դատարանի դահլիճում տեղի ունեցան իրադարձություններ, դատարանի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ, զրպարտչական, սուտ մատնությամբ են հանդես եկել և  իր վստահորդների նկատմամբ  նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում՝ հատուկ պատվերի ներքո։

Ըստ փաստաբանի՝ այդ ամենը տեսաձայնագրվել է, ինքն այնտեղ հայհոյանքներ չի լսել, մինդեռ այդ ժամանակ տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այդ իրադարձությունից հետո մեկ այլ դատարան ընտրեց խափանման միջոց կալանավորում՝ արգելելով շփվել ընտանիքի անդամների հետ։

«Դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն իմ վստահորդների նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, սուտ մատնությամբ այստեղ գտնվող ոստիկանների կողմից։ Անուններով գիտենք, բայց դեմքով չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահն առերեսում չի կատարվել, բայց ամենացավոտ և զգայուն հետևանքն այն էր, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ցանկացան լրացուցիչ ճնշում գործադրել, իսկ Սպարտակ Ղուկասյանին՝ այդ պահին տանը գտնվող միակ տղամարդուն, կտրել ընտանիքից։ Ի դեպ, ասեմ, որ  Ղուկասյանները մեծ ընտանիք են, ապրում են մի տան մեջ, ընտանիքը  զրկել են երկու տղամարդուց։ Նրանց զրկել են ազատությունից անհիմն, մեկը ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետն է (Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց՝ վեց անգամ) և քաղաքական ենթատեքստ ունի նրան ազատությունից զրկելը,  հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից  դեկտեմբերի 1-ին։ Սուտ մատնությամբ են զբաղված, կարող է  իմ վստահորդները փռշտան, դա որակեն որպես հայհոյանք», -ասաց Փոստանջյանը։

Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց․ «Կարող է մի քիչ հետո էլ սուտ ցուցմունք տան»։ Դատավորը սաստեց, որ չխոսի տեղից, Գյումրու քաղաքապետը պատասխանեց․ «Չեմ կարա, սիրտս պատռվում է»։

Զարուհի Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ իր  պաշտպանյալի նկատմամբ եղել է մահափորձ, որը չի բացահայտվել։

Դատավորը պարզաբանեց, որ իրենք պարտականություն ու իրավասություն չունեն դատական նիստից հետո ապահովել մեղադրյալների անվտանգությունը, դա իրականացնում է ձերբակալվածների և կալանավորվածների պահման օրենքի համաձայն՝  իրավասու պետական մարմնի միջոցով։  Ըստ նրա, եթե փաստաբան Փոստանջյանը համաձայն չէ իր վստահորդների նկատմամբ  կիրառված խափանման միջոցի հետ, կարող է բողոքարկել։

Նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 19-ը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031