Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Կանանց տնտեսական իրավունքների իրացման երաշխիքներն ու խոչընդոտները Հայաստանում» վերտառությամբ։
Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետների կողմից։
Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում կանանց տնտեսական իրավունքների իրացման իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքներին և վերջիններիս իրավունքների իրացման հիմնական խոչընդոտներին։ Մասնավորապես, ուսումնասիրության առարկա են դարձել կանանց տնտեսական իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունն ու միջազգային պարտավորությունները, տվյալ ոլորտում պետական գերատեսչությունների գործառույթները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների արձանագրումները, միջազգային կառույցների դիտարկումներն ու գնահատականները։ Վեր են հանվել կանանց տնտեսական իրավունքների իրացման վրա ազդող սոցիալ-մշակութային, կրթական, տնտեսական խնդիրները, հանրային կառավարման ոլորտում կանանց մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները։
Ներկայացվել են խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը։ Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում, հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև կյանքի բոլոր այլ ոլորտներում` պատշաճ մակարդակով իրացնելով նաև իրենց տնտեսական իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպան


















































