Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 36. «Սպորտը երբեւիցե այսքան զարգացած չի եղել»

Դեկտեմբեր 03,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Եվս մեկ ոլորտ, որը վերջին տարիների ընթացքում լիովին կազմաքանդվեց, չնայած նրան, որ իշխանությունը հետեւողականորեն փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի սպորտը վերելքի մեջ է, արդյունքները՝ աննախադեպ, իսկ մարզական ոլորտը՝ «ազատված նախկին համակարգերից»։ Սակայն իրականությունն ամբողջովին հակառակն է։

Սկսենք ֆուտբոլից. երբեմնի հույսից մինչեւ խայտառակ անկում։ Հայկական ֆուտբոլը տարիներ շարունակ հիմնված էր նպատակային կառավարման վրա։ Դեռ հոդվածաշարս սկսելիս, նշել էի, որ փորձելու եմ հնարավորինս մի կողմ դնել նախկինների կատարած մեծ աշխատանքը եւ ավելի սառը գնահատական տալ Փաշինյանի կառավարման տարիներին, բայց ֆուտբոլը եւս ապացույցն է նրա, որ նախկինները ճիշտ էին, իսկ նորերը՝ սխալ։ Տարիների ընթացքում բոլորը համոզվեցին. անժխտելի է, որ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ֆուտբոլը պարզապես զարգանում էր։ Կային ներդրումներ, մրցակցային ակումբներ, միջազգային հաղթանակներ, համակարգված ծրագրեր, ֆուտբոլիստներ, որոնք հպարտություն էին բերում երկրին։ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը հասցրեց այն մակարդակին, որ ամբողջ ազգը սկսել էր հույսեր կապել մեր հավաքականի հետ։ Թե՛ անձնական ֆինանսական միջոցներով, թե՛ անձնական կապերով Հայրապետյանը կարողացել էր հայկական ֆուտբոլը դարձնել մրցակցային ամբողջ աշխարհում։ Իսկ այսօ՞ր։ Այսօր ֆուտբոլը դարձել է քաղաքական,  անձնական վիրավորանքների, հակակրանքների եւ  անընդունելի վերաբերմունքների զոհ։

Հենրիխ Մխիթարյան։ Այս անուն-ազգանունը մի ամբողջ ազգի պարծանքն է։ Մարդ, ով Հայաստանն էր ներկայացնում աշխարհի ամենամեծ ակումբներում, ով Հայաստանի անունը տարել է ամենաբարձր մակարդակ, պարզապես դուրս եկավ հավաքականից։ Ո՛չ տարաձայնությունները լուծվեցին, ո՛չ արժանապատիվ բանակցություններ տեղի ունեցան, ո՛չ հարգանք դրսեւորվեց երկրի լեգենդներից մեկի նկատմամբ։ Արդյունքում՝ մենք կորցրեցինք մեր դարաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Եվ դա պարզապես սպորտային կորուստ չէր. դա պետական վերաբերմունքի ձախողում էր սեփական արժեքների հանդեպ։ Ֆուտբոլային պարտություններն անվերջանալի են։ Հայկական ֆուտբոլի երկրպագուների խումբը տեւական ժամանակ է, ինչ պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը, քանի որ տվյալ անձը բառիս բուն իմաստով կազմաքանդեց ՀՖՖ-ն ու հայկական ֆուտբոլը։

Անցում կատարենք շախմատին։ Անհարգալից վերաբերմունքի արդյունքում  Լեւոն Արոնյանը պարզապես հրաժարվեց այլեւս ներկայանալ Հայաստանի դրոշի տակ, քանի որ Արայիկ Հարությունյան անունով ՔՊ-ական պաշտոնյան հայտարարեց, որ այլեւս նա ապագա ու հեռանկար չունի։ Հայաստանի ամենափայլուն մտավոր մարզիկներից մեկը՝ Լեւոն Արոնյանը, տարիներ շարունակ համարվում էր ոչ թե պարզապես շախմատիստ, այլ ազգային խորհրդանիշ։ Նա անընդհատ հաղթանակ էր բերում Հայաստանին, դարձնում երկիրը աշխարհի քարտեզի բաղկացուցիչ սպորտային ուժ։ Եվ ի՞նչ ստացվեց։ Լեւոն Արոնյանը լքեց հայկական շախմատը՝ հոգեպես ճնշված, վիրավորված ու անտեսված։ Իսկ ի՞նչ արեց նա. ապացուցեց, որ աշխարհի ուժեղագույններից մեկն է։ Ապացուցեց, որ արժեքը չի որոշվում պաշտոնյաներով, այլ՝ տաղանդով, պարտաճանաչությամբ եւ հավատարիմ աշխատանքով։

Նույնիսկ ծանրամարտում է, մեր մարզիկների մոտ սկսվել է անհաջողություններ գրանցվել, այն դեպքում, որ ծանրամարտում մենք գրեթե միշտ հաղթանակներ ենք գրանցել։ Աշխարհի վերջին խաղերի ժամանակ, փորձառու մեր մարզիկները, ովքեր միշտ մեդալակիրներ են եղել եւ կանգնել ամենաբարձր հարթակներին, պարզապես ձախողում էին բոլոր մոտեցումները։

Սպորտը չի կարող զարգանալ, եթե այն ղեկավարում են մարդիկ, որոնք դա տեսնում են ոչ թե որպես պետական ոլորտ, այլ՝ որպես PR հարթակ։ Այսօր մենք ունենք. քաոսային կառավարման համակարգ, մշտական սկանդալներ, մարզիկների «արտագաղթ», իրավիճակի անկայունություն, անհասկանալի որոշումներ։ Եվ ամենակարեւորը՝ հավատը սպորտի նկատմամբ քչացել է հենց մարզիկների մոտ։ Մարզիկը, որը հաղթում է, արժանի է հարգանքի, ոչ թե անտեսման։ Մարզական լեգենդը արժանի է գնահատանքի, ոչ թե քաղաքական վերաբերմունքի զոհ դառնալուն։ Պետությունը պարտավոր է ամեն գնով պինդ պահել իր հաղթանակ բերողներին, ոչ թե կորցնել նրանց։

Սպորտի ոլորտում այս խայտառակ վիճակը պատահական չէ, այլ՝ համակարգային Այս ամենը արդյունք չէ պատահական սխալների։ Այն հետեւանք է այն քաղաքականության, որը սպորտը դարձրել է երկրորդական, անկանխատեսելի եւ անձնակենտրոն։ Եվ ամենացավալին այն է, որ կորցրած լեգենդներին վերադարձնելն այսօր այս իշխանությունների օրոք անհնար է։ Սպորտի մասին «զարգացման» լոզունգները իրականում կոծկում են մի ճշմարտություն. հայկական մարզաշխարհը կորցրել է իր ամենակարեւոր մարդկանց՝ պետական սխալների հետեւանքով։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031