Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական հանդիպում Գաբալայում, հաջորդը` ՀՀ-ում

Դեկտեմբեր 03,2025 12:00

Եթե խոսքը գնում է երկաթուղու, ավտոճանապարհների, գազամուղի գործարկման մասին, ապա ի՞նչ լայնության ճանապարհի մասին է խոսքը

Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա շփումները ակտիվության որոշակի փուլ են մտել։ Անցյալ շաբաթ ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր:

Նրանք, ըստ հաղորդագրության, նշել են նախորդ՝ հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն Իրանի Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:

Նշվում էր, որ կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի շուրջ, քննարկվել են նաեւ սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: Նաեւ հայտնում էին, որ Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ եւ պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը ՀՀ քաղաքներից մեկում:

Նոյեմբերի կեսերին, հիշեցնենք, որ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե՝ «հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ կապված TRIPP նախագծի հետ»: Սահմանազատման Հայաստանի հանձնաժողովը գլխավորող Գրիգորյանն այդ օրն ասել էր, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումը գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն է առաջացրել: «Երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման, եւ դա քննարկվում է: Բացի դա, ավելի կոնկրետացավ խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան, եւ դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»:

Գրիգորյանը նաեւ հայտնել էր, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնք վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը, եւ որոշ ժամանակ անց կլինի տեղեկատվություն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: Մ. Գրիգորյանը հիշեցրել էր, որ վերջին հանդիպումն էլի կապված էր հենց TRIPP նախագծի հետ. «Մենք այցելեցինք միասին հարավ եւ Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ»:

Նաեւ հիշեցնենք, որ 2024թ. գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու Ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարվա սկզբին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից:

Անցյալ ամսվա կեսերին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ներկայացրեց «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը, թեեւ, ինչպես խոստովանեց, չէր ուզում այդ մասին խոսել՝ հաշվի առնելով, որ սովորաբար ժամանակացույցից շեղումներ լինում են: Նա հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ պետք է թղթի վրա նկարագրեն բոլոր մանրամասները, իսկ արդեն հաջորդ տարի կսկսվի բուն շինարարությունը։ «2026թ. առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները: Էս է պլանը, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, էսօր էլ չէի ուզում ասեի, ինչի՝ որովհետեւ իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում: Չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց, տեսեք, ըստ էության, լրատվությունը մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արեւելքի թեմայի հետ կապված, մի քանի շատ կարեւոր, առանցքային թեմաների հետ կապված, եւ էդ մարդիկ նաեւ օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով: Մենք ամեն ինչ կանենք, որ էս ժամանակացույցը հստակ աշխատի»:

Փաշինյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց TRIPP-ով երկաթուղու եւ ճանապարհների գործարկման մասով: Ըստ նրա՝ կվերագործարկվի արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, ճանապարհների մասով էլ լուծումներ ունեն. «Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու. երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետեւ ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ: Ես կարող եմ ասել, որ, օրինակ, գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերն անցնելու են էականորեն հյուսիս… Ընդ որում՝ ես չեմ կարող ասել, որովհետեւ ուսումնասիրությունները տեղում մենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ՝ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետեւ դա, հասկանո՞ւմ եք, բազմաթիվ գործոններից է կախված»: Խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը վստահեցրեց, որ TRIPP նախագիծը իրականացվելու է եւ շատ արագ տեմպերով, ու այն պայմաններով, ինչպես որ արձանագրված է Վաշինգտոնի հռչակագրում:

Փաշինյանի վերոնշյալ հայտարարություններից արդեն որոշ ժամանակ է անցել ու ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման գործընթացն ինտենսիվությամբ առաջ է մղվում, սակայն մեր քաղաքական դաշտում չի քննարկվում հետեւյալ թեման. եթե խոսքը գնում է երկաթուղու, ավտոճանապարհների, գազամուղի գործարկման մասին, ապա ի՞նչ լայնության ճանապարհի մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները որոշումներ են կայացրե՞լ այդ հարցերում։ Եթե այո, ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասվում։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031