Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ ՀՀ կառավարության․ «Հին Երևանից» մինչև ՍԴ. «Հետք»

Դեկտեմբեր 03,2025 09:30

«Հետք». Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում:

Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չէր կառուցվում:

Թուֆենկյանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս

Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ․ որոշման` «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն։

«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում խոստովանում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման պարագայում գույքը հանձնել կառուցապատողին: Սակայն մինչեւ 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, ինչից դրդված՝ Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել:

«Մենք հասկացել ենք, որ այս գործընթացը վերջ չունի, գումարած դրան, նշաններ ենք տեսել, որ այս պրոցեսը վերջ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ մեր իրավունքները շատ կոպիտ ձևով խախտվեն: Այսինքն՝ մենք համաձայն ենք, որ գույքն իրական արժեքից էականորեն ցածր արժեքով վերցնեն մեզնից այն դեպքում, երբ գույքը մեզնից պետք է շուկայական արժեքից էլ 15% բարձր արժեքով գնեն։ Օրենքն է այդպես պահանջում»,- նշում է Միքայել Դանիելյանը:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության)` խնդրելով հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:

Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում է «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:

Քրիստինե Աղալարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031