Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Ամրացնելով Սյունիքի դարպասները. Շվանիձորը կդառնա ժամանակակից արվեստի կենտրոն

Դեկտեմբեր 03,2025 13:00

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի հետևողական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում` իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը:

ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է, որը դեռևս 2023թ-ին ստացել է ՀՀ կառավարության և միջազգային մի շարք կառույցների հավանությունը:

«Ստանալով ՀՀ Կառավարության հավանությունը մեր կազմակերպությունը հետամուտ եղավ ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը»,-օրերս, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, կարևորելով մշակույթի և արվեստի միջոցով մեր երկրի սահմաններն ամրացնելու հանգամանքը, հավելելով. «Մենք կարող ենք մշակույթի ոլորտում մի քայլ անել, որը լրացուցիչ հենման կետ կլինի Հայաստանի Հանրապետության համար: Պետության անմիջական մասնակցությամբ կյանքի կոչվող այս լայնածավալ ծրագիրը կդառնա կարևոր կենտրոն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության, արվեստագետների համար»։

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրամիության պատվիրակության, Ավստրիական զարգացման գործակալության հետ, ինչպես նաև Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի և Իրանի մշակույթի կենտրոնի տնօրենի հետ: «Բոլորի կողմից միայն դրական պատասխան ենք ստացել և իրենց հավաստիացումը, որ սիրով կմասնակցեն այս ծրագրի իրականացմանը»,- նկատում է` տիկին Հարությունյանը:

Իմիջիայլոց, Մեղրու մեղմ կլիման, գեղեցիկ բնությունը, Իրանի հետ սահմանակից լինելու հանգամանքը և ռազմավարական դիրքը մեծ հնարավորություններ է ընձեռում ժամանակակից արվեստի կենտրոնի համար, որը կգրավի արվեստագետներին և արվեստասերներին Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, եվրոպական և ասիական շատ երկրներից: Բացառիկ դիրք և պատմամշակութային շերտեր ունի Շվանիձոր գյուղը, որոնք արվեստային ճիշտ մոտեցման, տեղի՝ մարդկային, մշակութային, բնական ռեսուրսների օգտագործման պարագայում կարող են դարձնել այն ինքնաբավ մշակութային հանգույց:

Ի դեպ, վերջին շրջանում, կոնկրետ՝ 2023-2025թթ․-ի ժամանակահատվածում այս կազմակերպությունը սերտ համագործակցել է Մեղրիի համայնքապետարանի և Շվանիձոր բնակավայրի ղեկավարության հետ: Արդեն ամրագրվել է և Մեղրիի համայնքապետարանի կողմից «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանը տրամադրվել է 7 տարածք` այս մեծամասշտաբ ծրագիրը կյանքի կոչելու համար: Դրանց մեջ են` Շվանիձորի մշակույթի տունը, Շվանիձորի գործարանը, որը Խորհրդային միության ժամանակ ուղղաթիռների համար բացառիկ սարքեր է պատրաստել.

«Սա շատ կարևոր գործարան է եղել և հետաքրքրական է, թե ինչպես է Խորհրդային միության ժամանակ ցանկացած գյուղ, բնակավայր ընդգրկված եղել պետության ընդհանուր ռազմավարության մեջ: Նույն մոտեցումը, ռազմավարական առաջնահերթությունները պետք է սահմանել նաև այսօր: Շատ հուզիչ էր, երբ վերջին այցելության ժամանակ գյուղապետն ասաց` եթե գյուղերը չլինեն, մայրաքաղաքը մեկ օր էլ չի գոյատևի: Հատկապես այնպիսի գյուղեր, ինչպիսին` Շվանիձորն է, Նռնաձորը, որոնք գտնվում եմ մի մարզում, որն անընդհատ սակարկման հարց է դառնում»,-իր խոսքում նշում է մեր զրուցակիցը:

Վերջին այցելությունը Շվանիձոր տեղի է ունեցել օրեր առաջ, երբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այցելելով ՀՀ Սյունիքի մարզ, պաշտոնական հանդիպումներ է ունեցել Մեղրի համայնքի ղեկավար՝ Խաչատուր Անդրեասյանի, Շվանիձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Ալիկ Թումանյանի հետ: «Շատ ոգևորող է, երբ տեսնում ենք, թե ինչպես է մի ամբողջ գյուղ սպասում մեր կողմից նախաձեռնած ծրագրի իրականացմանը, և յուրաքանչյուրը պատրաստ է մասնակցել այս գործին իր հնարավորությունների սահմանում: Շվանիձորից վերադառնալիս ես մտածում էի, որ եթե ամեն գյուղի հանդեպ լինի մի այսպիսի վերաբերմունք, և մի կազմակերպություն, որը հանձ կառնի ոգևորել այդ մարդկանց, նպաստել սահմանամերձ գյուղերի ամրապնդմանը, մեր Հայաստանը օրեցօր կծաղկի, կբարգավաճի: Ուստի մեր նախաձեռնությունը պետք է ոգևորի նաև պետական կառույցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց իրավասությունների շրջանակում կարող են աջակցել, սատարել, ամրակայել սահմանները և արդյունքում ոգևորել այն մարդկանց ու երեխաներին, որոնք, երբ դառնան պատանի, էլ չեն մտածի` ինչպես լքել գյուղը, այլ իրենց ապագան կկապեն հենց այդ գյուղի հետ», -հավաստիացնում է տիկին Հարությունյանը:

Այն հանգամանքը, որ Մեղրին ճանաչվել է 2026թ․-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ցանկանում է «Շվանիձոր. Ժամանակակից արվեստի կենտրոն» ծրագրի մեկնարկն ազդարարել հայ ժամանակակից արվեստագետների հավաքական ցուցահանդեսով, որը մշակութայինից բացի կունենա նաև կրթական բաղադրիչ և տեղի կունենա 2026թ-ի գարնանը` Շվանիձորում:

«Սա մեծ հնարավորություն է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ՀՀ Սյունիքի մարզի վրա, մասնավորապես Մեղրի քաղաքի և Շվանիձոր բնակավայրի վրա, միաժամանակ ապակենտրոնացնելով մշակութային կյանքը Երևանից դեպի մարզեր»,- նշեց մեր զրուցակիցը: Նաև համոզմունք հայտնեց, վստահեցնելով, թե Շվանիձորի ժամանակակից արվեստի կենտրոնը լինելու է ինտերակտիվ՝ բաղկացած տարբեր կառույցներից, որոնք բոլորը ծառայելու են մեկ նպատակի՝ զարգացնել Սյունիքի մարզի կրթամշակութային ոլորտը, Շվանիձորը դարձնել ինքնաբավ համայնք` թե տնտեսապես, թե մշակութապես։

Կենտրոնն ունենալու է թանգարանային հատված, մշտական հավաքածու, կլինեն նաև ժամանակավոր ցուցադրություններ, վարպետության դասեր, որոնք կվարեն մայրաքաղաքից ու արտերկրից Սյունիք եկած արվեստագետներն ու արվեստաբանները։ Այսպիսով, Շվանիձորը կդառնա արվեստային մի հարթակ, որը հնարավորություն կընձեռի աշխարհի մշակութային քարտեզում Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` Սյունիքի մարզը, դիրքավորել, որպես ժամանակակից արվեստի կենտրոն:

 

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031