«Այս անձնավորությունն իր կուսակցության համար ընդունում է բարեվարքության կանոններ, բայց օրն էլ խախտում է այդ կանոնները…Արդարություն, ազնվություն, թափանցիկություն հորջորջող անձնավորությունը հրապարակում է փաստաթղթեր, տարածում սուտ ու կեղծիք»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից բանակցային փաստաթղթերի թերի եւ աղճատված հրապարակելուց:
«Չգիտես ինչու այս մարդիկ ոչ ՄԱԿ-ի, ոչ ԵԱՀԿ-ի տեղը գիտեն եւ իրենց փաստաթղթերը վերցնում են Կազիմիրովի (ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահի) կայքէջից: Զարմանալի բան է, որ սեփական ներկայացուցչություն, սեփական արտգործնախարարություն ունենալու պարագայում դու ոչ թե պաշտոնական ընդունված փաստաթղթերն ես վերցնում, որոնք հանրայնորեն հասանելի են այդ կայքէջերում, փոխանակ դրանք իրենց տիտղոսաթերթով, համարակալումով, օրով, ամսաթվով եւ այլնով հրապարակեն, չգիտես ինչու Կազիմիրովի կայքէջից են տալիս: Ոչ միայն այնքան անճար են, որ հնարավորություն չունեն տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել, այլեւ սեփական ներկայացուցչությունների ամբողջական իրավասության ներքո գտնվող կարողությունները չեն կարողանում օգտագործել՝ բանակցային փաստաթղթերն հանրությանը ի պատշաճի ներկայացնելու»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:
Խոսելով փաստաթղթերի՝ ոչ ամբողջական հրապարակման նպատակի մասին՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց. «Այս անձնավորությունը փորձում է Արցախյան խնդրի հետ կապված իր վրա եղած մեղքերը քննարկել եւ հանրային դաշտից իբր թե դուրս թողնել, որպեսզի առաջիկա՝ իր իսկ կողմից պատրաստվող արտահերթ ընտրությունների ժամանակ քննարկման եւ քննադատության առարկա չդառնա, բայց նաեւ միաժամանակ հերթական կեղծիքն ու զեղծարարությունն է անում, որովհետեւ ներկայացնում են ինչ-որ թղթեր,որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն: Նիկոլ Փաշինյանի ստերից մեկն էլ այն է, որ իբր արխիվը գոյություն չունի …»:
Զյունիկ Աղաջանյանն ընդգծում է. «Փորձում են հանրությանը մոլորեցնել, որ չկար Արցախը Ադրբեջանից դուրս թողնելու տարբերակ: Բայց եթե անգամ ամենավատ վիճակն է, եթե դու հեռանում ես իշխանությունից՝ հնարավորություն տալով մեկ ուրիշին գալ իշխանության, նա նորից է սկսում բանակցությունները եւ փոխում իրավիճակը: Քո գնալով նոր էջից սկսելու պարագայում՝ նոր հնարավորություններ են բացվում:
Կարդացեք նաև
Եվս մեկ հանգամանք, որ ինձ թվում է, որ մեր հանրությունն ուշադրությունից բաց է թողնում հետեւյալն է, եթե նշյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերցնեն, կհասկանան, թե հակամարտության կարգավորման փաստաթուղթն ինչպիսի բովանդակություն եւ խորություն կարող է ունենալ, եւ որը որեւէ առնչություն չունի այն խեղկատակության հետ, որն օգոստոսի 8-ին ստորագրեցիր: Անգամ ամենավատ փաստաթուղթը բազմախնդիր եւ լայնածավալ շրջանակ է ներառում քննարկման եւ լուծումների առումով, քան օգոստոսի 8-ի խեղկատակությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































