Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Սկզբում էյֆորիա, հետո խանգարումներ. ե՞րբ է ալկոհոլը դառնում առողջական խնդիր

Դեկտեմբեր 03,2025 15:36

Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը դրսևորվում է ֆիզիկական և հոգեբանական կախվածությամբ, ինչպես նաև առողջության ու սոցիալական կյանքի համար բացասական հետևանքներով:

Երկարաժամկետ չարաշահումը կարող է առաջացնել մի շարք սոմատիկ և հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես ՝

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա՝ առաջացնելով նախ արյունատար անոթների կարճատև լայնացում, ապա դրանց սպազմ, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հյուծում է սրտամկանը, նվազեցնում անոթների առաձգականությունը և մեծացնում առիթմիայի, տախիկարդիայի, սրտային անբավարարության, սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը։

Ալկոհոլն անդառնալի ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա. այն վնասում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթների բջիջները, ինչը կարող է հանգեցնել գաստրիտի, խոցերի և սննդանյութերի ներծծման խանգարման: Ալկոհոլը խաթարում է աղիքային միկրոֆլորան, վնասում լյարդը (ընդհուպ` մինչև ցիռոզ), նպաստում ենթաստամոքսային գեղձի (պանկրեատիտ) բորբոքային հիվանդության զարգացմանը , ինչպես նաև մեծացնում է մարսողական համակարգի ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Ալկոհոլը կործանարար ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա. սկզբում առաջացնելով էյֆորիա, ապա ընկճելով նյարդային ակտիվությունը՝ բերում է կոորդինացիայի, հիշողության և մտավոր ակտիվության վատթարացման։ Քրոնիկ օգտագործումն առաջացնում է նեյրոնների մահ, ուղեղի անդառնալի վնասում, ճանաչողական գործառույթների նվազում, մեծացնում է դեպրեսիայի, տագնապային խանգարման ռիսկը: Ծանր դեպքերում թունավորումը կարող է հանգեցնել ինսուլտի, պոլինեյրոպաթիայի կամ ալկոհոլային էնցեֆալոպաթիայի:

Ալկոհոլի չարաշահումը վտանգավոր հետևանքներ ունի հոգեկան առողջության համար, այդ թվում նվազում են ճանաչողական գործառույթները (հիշողություն, ուշադրություն, մտածողություն), բերում է հուզական անկայունության (դյուրագրգռություն, դեպրեսիա, տագնապի զգացում) և անձի դեգրադացիա։ Քրոնիկ օգտագործումը և հետագայում զրկանքի համախտանիշի զարգացումը կարող են հանգեցնել այնպիսի խանգարումների առաջացման, ինչպիսիք են ալկոհոլային դելիրիումը, հալյուցինացիաները, ընկալման խանգարումները և զառանցական մտքերը։ Նման դեպքերում մարդը վտանգ է ներկայացնում ոչ միայն սեփական անձի, այլև շրջապատի համար։ 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031