ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակցային փաստաթղթերի հրապարակմանը։
«Այն, որ բանակցային գործընթացը փակուղում էր, դա ապացուցելու կարիք ընդհանրապես չկա։ Սերժ Սարգսյանն էր այս դահլիճում 2018-ին վարչապետ ընտրվելիս ասել, որ բանակցային գործընթացը կանգնած է եւ որ հույս չի ներշնչում։ Հետո էլ ասում էր՝ ըստ էության հույս չպետք է ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել հարցը»,- ասաց նա։
Ըստ Ռուբինյանի՝ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ երկու պատճառով, բայց գլխավորապես մեկ պատճառով․ «Պատճառ համար մեկ՝ 1998 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1-ը 1․1-ի էր, այսինքն՝ գրեթե ամբողջությամբ հավասար։ 2008 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն այդ հարաբերակցությունը 1-ը 5․3-ի էր, այսինքն՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն ՀՀ ռազմական բյուջեին գերազանցում էր ավելի քան 5 անգամ։ Սերժ Սարգսյանի օրոք մի շրջան էլ ավելի է բարձրացել հարաբերակցությունը։ Եւ մենք ժառանգել ենք ռազմական բյուջեների շատ բարձր տարբերություն, որը մեր օրոք է քչացել։ Եվ մյուս կողմից այս ամբողջ շրջանում աճել է Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն, Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն։ Ի սկզբանե բանակցային փաթեթն ինչի՞ մասին է եղել՝ ինչպե՞ս 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ի՞նչ անել Լեռնային Ղարաբաղի հետ։ Ընդ որում, բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր, թե Լեռնային Ղարաբաղի հետ ինչ է լինելու։ Այդ պահին բոլորը ճանաչում էին ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ բանակցային փաստաթղթերը շարունակական վատթարացել են հայկական կողմի համար։ Իսկ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չէր ասում՝ այո, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար։
Կարդացեք նաև
«Վերջին փաստաթուղթը, որին կողմերից որեւէ մեկն ասել է՝ այո, եղել է 2011 թվականի կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանն ասել է՝ այո, Ադրբեջանն ասել է՝ ոչ։ Դրանից հետո չի եղել որեւէ փաստաթուղթ, որին Ադրբեջանը կասեր՝ այո, Հայաստանը կասեր՝ ոչ»,- հավելեց նա։
Անդրադառնալով ընդդիմադիրների բարձրաձայնած հարցն, թե 2019 թվականին ՀՀ իշխանություններն ի՞նչ են պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Նախ տարօրինակ է, որ իրենք այդ հարցը տալիս են միայն 2019 թվականի փաստաթղթի վերաբերյալ։ Ինչո՞ւ չեն հարցնում՝ բա 2016-ի պատասխանը ինչո՞ւ չեք հրապարակել, 2011-ինը, մյուսը-մյուսը։ 2019 թվականի փաստաթուղթը 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ։ Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Հետեւաբար, ես հիմա ուղիղ հերքում եմ ընդդիմության կողմից հնչեցվող այն պնդումը, թե իբր 2019 թվականին եղել է նոր առաջարկ, առավել եւս, որ մենք այդ նոր առաջարկին ասել ենք՝ ոչ»։
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բանակցում է զրոյական կետից, ինչի՞ հանգեցրեց դա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Ես էլ ձեզ ասում եմ, որ 2019-ի փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, սեղմագիր էր, այդ փաստաթուղթը հայկական կողմը չի մերժել։ Զրոյական կետը 2019 թվականի սեղմագիրն է։ Վարչապետ Փաշինյանը այսօր ասաց՝ զրոյական կետը որն է եղել, ասում է՝ ես եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել՝ հիմա կտա՞ք մի հատ հասկանանք, վերջին դրությամբ զրոյական կետը որն է, եւ իրենք տվել են 2019 թվականի սեղմագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Առավոտ»-ի հարցին, թե իրենց իշխանության քաղաքականության հետեւանքո՞վ չէ, որ այսօր այս իրավիճակն է, ինչո՞ւ չեն խոսում իրենց մեղավորության ու պատասխանատվության մասին, Ռուբինյանը պատասխանեց․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որեւէ նշում արված չէ ԼՂ կարգավիճակի մասին։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը տեղակայվում է ԼՂ շուրջ, քանի դեռ ԼՂ կարգավիճակը որոշված չէ։ Կամ այդ հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը կանգնում է այնտեղ, քանի որ պարզ չէ՝ այն Ադրբեջանի մաս է, թե ոչ։ Ասեմ ավելին, ՌԴ նախագահը 2020 թվականի դեկտեմբերին ասել է, որ Լեռնային Ղարաբաղը եւ նրան շրջապատող 7 շրջանները եղել են եւ կան Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Հետեւաբար, 2022 թվականի Պրահայի հայտարարությունը նոյեմբերի 9-ի հայտարարության էության եւ առավել եւս ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաների մեջ որեւէ փոփոխություն չի մտցրել, զրոյական փոփոխություն է մտցրել։ Դա այն քաղաքականությունն է, որը Լեւոն-Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք վարել։ Ես էլ ասում եմ՝ մենք պատերազմից հետո դա արել ենք, եղել է այն արդյունքը, որը եղել է։ Բայց եթե ձեր հոգուն խաղաղություն կիջնի նրանից, որն ես ասեմ՝ մենք մեղավոր ենք ամեն ինչում, ես դա կարող եմ ասել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































