Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումներն ու ՆԳՆ բարեփոխումների շարունակականությունը․ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստին
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նիստի ընթացքում բարձր են գնահատվել վերջին շրջանում ՀՀ–ԵՄ համագործակցության նկատելի առաջընթացը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ձեռքբերումները, կարևորվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները։
Անդրադարձ է կատարվել հատկապես Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի Հայաստանին փոխանցմանը, ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով սահմանված հենանիշերը կյանքի կոչելուց հետո կապահովվի բարելավված շարժունակություն դեպի ԵՄ։
Կարդացեք նաև
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ-ԵՄ գործընկերության 6-րդ նիստին ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և նախանշված անելիքները՝ անդրադառնալով հատկապես VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման ընթացքին։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգի բարեփոխումները՝ հենասյունային 4 ուղղությունների լիարժեք գործարկումը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև Հայաստանում ներդրված աղետների ռիսկի կառավարման նոր մեխանիզմների մասին՝ կարևորելով նաև Փրկարար ծառայության ոլորտում իրականացվող հայեցակարգային լուծումները։
Ընդգծվել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովմանը։
Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացն ու Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը։


















































