Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կոմունիստական իշխանությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի նվիրած տոնածառից․ կտեղադրվի հին տոնածառը

Դեկտեմբեր 03,2025 17:47

Գյումրու Վարդանանց հրապարակում այս պահին ընթանում են քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Տեղադրվում է ոչ ՀՀ կառավարության կողմից Գյումրիին անցած տարի նվիրած նոր տոնածառը, որի գնման, տեղադրման և զարդարման համար Շիրակի  մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 20 մլն 100 հազար դրամ, այլ ՝ հինը, որից գյումրեցիները հոգնել էին, քննադատում ու հումորներ էին անում։

Տոնածառի թեման այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր։

«ՀՀ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման ու հին զարդարանքների վերանորոգման համար» Գյումրու քաղաքային իշխանությունն առաջարկում էր 24 միլիոն դրամ հատկացնել քաղաքային բյուջեից, որից 2 միլիոն դրամը՝ տոնածառի վերանորոգման, մոնտաժման, ապամոնտաժման համար, 11 միլիոն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, իսկ 4 միլիոն դրամը՝ հին դեկորների ու լույսերի վերանորոգման ու տեղադրման համար։

Այս հարցի քննարկումը բավական թեժ անցավ։

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը հին տոնածառը տեղադրում, երբ անցած տարի ՀՀ կենտրոնական իշխանությունը Գյումրիին տոնածառ նվիրեց, ինչն է պատճառը, որ այն չի տեղադրվում, արդյոք պայմանավորված չէ քինախնդրությամբ։

Լիզա Գասպարյանը նաև հարցրեց՝ մի՞թե հնարավոր չէր 3 օր սպասել, ավագանու նիստը տեղի ունենար, ավագանին իր համաձայնություն տար, հետո նոր սկսվեին տեղադրման աշխատանքները։

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ տոնածառի վերանորոգման, ամրացման հանձնարարականը շատ շուտ էր տրված։

«Աշխատանքները կատարվել են՝ օգտագործելով պարոն Ղուկասյանի հարաբերությունները, հեղինակությունը տոնածառն ամրացնելու ու իր նախկին տեսքին բերելու համար։ Եվ ոչ մի քինախնդրություն չկա, պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կա»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա նաև վստահեցրեց, որ հին տոնածառը ջարդոն չէ, կտեղադրվի ու ուրախ տրամադրությամբ կդիմավորեն 2026 թվականին։ Իսկ ՀՀ կառավարության նվիրած տոնածառը կտեղադրվի ծայրամասային Մուշ կամ Անի թաղամաս։

Ավետիս Առաքելյանի պարզաբանումը բնավ չբավարարեց ՔՊ խմբակցության անդամներին։

Քնարիկ Հարությունյանը այս քայլը որակեց հենց քինախնդրություն՝ հիշեցնելով, որ քաղաքի տոնը նշելիս՝ Վարդան Ղուկասյանն անընդմեջ կրկնում էր, որ քաղաքի բյուջեում փող չկա, թող բարերարները հովանավորեն, իսկ հիմա քաղաքային բյուջեից գումարը ծախսվում է անձնական ամբիցիաները բավարարելու համար։

Ավետիս Առաքելյանը նորից փորձեց համոզել, որ չկա քինախնդրություն, այդ գումարը արված խնայողություններից է տրամադրվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել