Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ պետք է, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսն Արցախի ու գերիների մասին ընդհանրապես չխոսի»․ Աննա Գրիգորյան

Դեկտեմբեր 03,2025 20:11

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի եւ եպիսկոպոսների հանդիպմանը։

«Այդ եպիսկոպոսների մեջ կար մի մարդ, դուք նախկինում նրա մասին ասում էիք՝ հոգեւորականը «Բենթլի» ունենա ու հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք։ Այդ մարդու հետ դուք բանակցում էիք եկեղեցու նորոգման շուրջ։ Եթե կարճ ձեւակերպեմ՝ արդյոք եկեղեցին դուք պատրաստվում եք նորոգել մարդկանցով, որոնց դուք համարում էիք հոգեւոր արժեքներից հեռու»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նորոգման օրակարգը հենց դրա մասին է․ «Ես հիմա էլ եմ ասում՝ բա մարդը «Բենթլի» ունենա, «Մերսեդես» ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք»։

«Ասում եք՝ Նավասարդ Կճոյանը եկել էր հաշվետվության, ձեզ հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե իրեն որտեղի՞ց «Բենթլին», թե իր մասին ինչ պատմություններ են ներկայացրել։ Ուղղակի խնդիրն այն է, որ այն եպիսկոպոսները, որոնց մասին լիքը նյութեր կան, բայց ենթարկվում են ձեզ, հնազանդվում են ձեզ, ընդհանրապես խնդիր չունեք այդ մարդկանց հետ, իսկ էն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ձեզ, այդտեղ է խնդիրը։ Ես ուզում եմ, որ դուք հանրությանը պարզ ասեք, որ ձեր խնդիրը ոչ թե եկեղեցին մաքրելն ու նորոգելն է, այլ խնդիր է ունենալ ձեզ ենթակա եկեղեցի, կաթողիկոս եւ դրա համար նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնաք։ Ձեզ պետք է, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը Արցախի մասին չխոսի, գերիների մասին չխոսի ու ընդհանրապես «իրական Հայաստանի» կրողը լինի ամբողջությամբ»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ որեւէ այլ հոգեւորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունեն, բոլոր հոգեւորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ։ Էն օրը վերնագիր կարդացի, ասում են՝ ուզում է քանդի եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին վեր է ածվել ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաներն ապրում են չքավորության եզրին»։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր թեզը, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ «Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց տարբերակ չկա, պետք է գնա, ոչ մի ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031