Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստալրագրողի մահվան գործով մեղադրյալը հայտնել էր, որ այդ օրը նավարկությունը թույլատրելի է եղել

Դեկտեմբեր 04,2025 13:30

Դատարան ներկայացած վկան հայտնել էր, որ ռաֆտինգը «Վիզիթ Լոռի» ընկերության մի մասն է կազմում, դրսում իրենք տուրիստներին առաջարկում են նաեւ փաթեթներ։ Նշել էր, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը սերիալ էր նկարում, եւ պետք էր, որպեսզի գետի վրա անվտանգություն ապահովվի։ Ընկերությունն անվճար էր տրամադրել, նմանատիպ ծառայությունները եւ նկարահանումները անվճար են, քանի որ դա գովազդ է երկրի համար։ Ըստ «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերության պատասխանատուի՝ կազմակերպությունը հազարավոր հաճախորդներ է սպասարկել, այդ թվում՝ դեսպաններ, պատվիրակություններ՝ Ռուսաստանի դեսպանը, դեսպանատան անձնակազմը, Նիդեռլանդների դեսպանը, Հնդկաստանի դեսպանը, շատ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորպորատիվներ, ինքն այդ մասով զբաղվել է միայն որպես գործադիր-տնօրեն եւ սպասարկել է կորպորատիվ հաճախորդներին:

Ճանաչված հեռուստալրագրող, «Ճամպրուկս ու ես» նախագծի վարող Արմինե Ճաղարյանի մահվան գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանության կողմը ներկայացրել էր ՊԵԿ-ից ստացված տեղեկատվություն առ այն, որ դեպքի ժամանակահատվածում «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերության տնօրենը հանդիսացել է ոչ թե Վարդուհի Անանյանը, այլ՝ Գ. Վարդանյանը, եւ որ դատարանին ներկայացված իրավասու մարմիններում առկա են իրարամերժ տեղեկություններ նշված ընկերության տնօրենի վերաբերյալ:

Գ. Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի ապրանքանիշը գրանցված է իր գույներով, տառատեսակով, ֆեդերացիայի նախագահն ինքն է, ռաֆտի կազմակերպիչը եղել է ֆեդերացիան, քանի որ այն եղել է անվճար ծառայություն, ֆեդերացիայի կանոնադրության մեջ նշված է՝ «Հայաստանում զարգացնել զբոսաշրջային ռաֆտինգը, իսկ Վ. Անանյանն իր ցուցմունքով նույնպես փաստել է, որ տվյալ օրը ռաֆտինգի կազմակերպիչը եղել է ֆեդերացիան, ինքը, նաեւ «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերությունն առնչություն չեն ունեցել վերոգրյալի հետ»:

2022 թ. մայիսի 11-ին Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռ. Մինասյանը որոշում է կայացրել թիվ 55201922 քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն կատարելու համար ՀՀ ՔԿ ԼՄ քննչական վարչություն ուղարկելու մասին։

2022 թ. մայիսի 12-ին ՀՀ ՔԿ ԼՄ քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Ուլուխանյանը որոշում է կայացրել թիվ 55201922 քրեական գործը վարույթ ընդունելու եւ նախաքննություն կատարելու մասին։

2023 թ .նոյեմբերի 20-ին Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռ. Մինասյանը որոշում է կայացրել Վարդուհի Անանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. նա հանդիսանալով «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերության տնօրեն եւ հրահանգավորումների անցկացման պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թ. նոյեմբերի 11-ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում: Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի 8.4 եւ 8.6 կետերի պահանջները, այն է՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի (գետով փչովի ռետինե նավակի նավարկում) ծառայություն, որպես «ռաֆտի» թիմի անդամներ ներգրավվել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ, ռաֆտի թիմի անձնակազմին, մասնավորապես ռաֆտելուց (նավարկելուց) առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում եւ հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում եւ հրահանգավորում չի կատարել, ինչի հետեւանքով 2022 թ. մայիսի 9-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆտելու ընթացքում քարին հարվածելու հետեւանքով փչովի ռետինե նավակը շրջվել ու այնտեղ գտնվող լրագրող Արմինե Ճաղարյանը ընկել է գետը, ինչի արդյունքում վերջինս մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետեւանքով մահացել է:

2023 թ. նոյեմբերի 21-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ուլուխանյանը որոշում է կայացրել Վարդուհի Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց «Բացակայելու արգելք»-ը կիրառելու մասին։

2023 թ. դեկտեմբերի 14-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել քրեական վարույթը։

2024 թ. նոյեմբերի 26-ին դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Վարդուհի Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին: Գրավի չափ է սահմանվել 500.000 ՀՀ դրամ գումարը; 2025 թ. հոկտեմբերի 9-ին կայացվել է արդարացման վերդիկտ եւ նշանակվել են լրացուցիչ դատալսումներ 2025 թ. հոկտեմբերի 21-ին։

Տասը հատորանոց գործը էլեկտրոնային եղանակով մակագրվել էր դատավոր Ա. Շիրոյանի աշխատակազմին։

2024 թ. փետրվարի 21-ին դատարանը որոշում է կայացրել տուժող ճանաչելու մասին։

Մեղադրյալ Վ. Անանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա ցուցմունք էր տվել այն մասին, որ տուժողին անձամբ չի ճանաչել, որպես հաղորդավարուհի է ճանաչել, Գեւորգի հետ մոտ են եղել եւ նախկինում ռաֆտինգի մասնակցել է։ 2018 թվականից փորձ ձեռք բերելու համար միջազգային ֆորումին են մասնակցել։ Իրանից եւ Ռուսաստանից հրավիրել են մասնագետներ, իսկ 2021 թվականից իրենց տեղացի մասնագետներն են աշխատել, զուգահեռաբար աշխատելով Վրաստանում՝ տարբեր գետեր փորձարկելով։ Զուգահեռ ունեցել են նաեւ Ռաֆտինգ Արմենիա ֆեդերացիան, որը նախագահել է Գեւորգը։ Այն հատվածը, որը գովազդների, նկարահանումների կամ բարտերային տարբերակով է եղել, այդ մասով զբաղվել է Գեւորգը, հետեւաբար ինքը որեւէ շփում չի ունեցել նկարահանումների եւ մյուս բաների հետ։ 2023թ. մասնակցել են միջազգային ցուցահանդեսի որպես Հայաստանում խոշոր ռաֆտինգ կազմակերպող ընկերություն, իսկ զբոսաշրջության կոմիտեի եւ էկոնոմիկայի նախարարության հետ Հայաստանը ներկայացրել են արտերկրում։ Դեպքի օրը ինքը այդտեղ չէր լինելու, բայց քանի որ Սեւակին կարիք կար Վանաձորից մոտեցնել մեկնարկային կետ, ինքն իր ավտոմեքենայով տարել է եւ քանի որ այդտեղ է եղել, զուգահեռաբար լուսանկարներ եւ վիդեոներ է արել, որպեսզի եթե նկարահանման համար կարիք լինի, ինքը փոխանցի։ Անվտանգության կանոնները բացատրվել են, ժիլետներ, կասկաներ բոլորը հագել են, ամեն ինչ իդեալական է եղել մինչեւ այն պահը, երբ նավը հենվել է քարին։ Երբ նավը հենվել է քարին, աջ հատվածում գտնվող մասնակիցներից մեկը հայտնվել է ջրում, ինքը միանգամից վիդեոն անջատել է եւ փորձել վազել առաջ, որ օգնեն։ Գեւորգը կամրջից իջել է, ինքն էլ փորձել է կամրջի վրա կանգնել, որպեսզի կոորդինացնի, չի երեւացել, թե որ կողմով կարիք կա գնալու։ Զուգահեռ տեսել է, որ երկու հոգի կարողացել են գետից դուրս գալ, ինքը փորձել է ֆիքսել, թե ջրում գնացածն ով է, սկզբում չի հասկացել, որ Արմինեն է։

Պաշտպանության կողմի միջնորդությամբ, որպես վկա հարցաքննության հրավիրված փորձագետը ցուցմունք էր տվել այն մասին, որ մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար է։ Ռաֆտինգի հետ կապված մասնագիտական գիտելիքներն այն է, որ այս գործով ինտերնետով բաներ է ուսումնասիրել, մինչ այդ չի իմացել։ Ռաֆտինգը ջրերի վրա նավարկությունն է։ Մասնագիտական աշխատանքային ստաժը 45 տարի է՝ որպես ինժեներ-շինարար, ռաֆտինգի ոլորտում մասնագիտական ստաժ չունի։ Ասաց. «Ուսումնասիրել է, որ ռաֆտինգ կատարելու համար անձնակազմը պետք է լինի պրոֆեսիոնալ, որ դեպք լինի, ինչ-որ մեկը կարողանա լողալով մեկին փրկել»։ Նշեց, որ ուսումնասիրել է, որ ռաֆտինգով զբաղվելու համար կազմակերպությունը համապատասխան թույլտվություն է ունենում եւ զբաղվում է, սույն պարագայում կազմակերպությունը թույլտվություն ունեցել է, սակայն չի հիշի, թե թույլտվությունն ով է տվել, մանրամասներ չի հիշում։ Որպես մասնագիտական գրականություն օգտվել է այդ կազմակերպության կողմից տրված հրահանգից։ Եզրակացությունը տալիս մասնագիտական գրականությունից չի օգտվել, եթե օգտված լիներ՝ կնշեր։ Չի կարող ասել, թե այդ ոլորտի մասնագիտական գրականություն գոյություն ունի, թե ոչ։ Դեպքի ժամանակ հայերեն լեզվով «ԳՕՍՏ»-ը չի եղել, եղել է ռուսերեն, ինքը նայել է ռուսերեն, դեպքից հետո է այն հայերեն եղել, ՀՀ-ում գործում է, փորձագետի համար հասանելի է, քանի որ իրենք Եվրասիական միության մեջ են։ «ԳՕՍՏ»-ի հայերեն թարգմանությունը օգտագործվել է 2023 թ. օգոստոսի 01-ից։ «ԳՕՍՏ»-ի 8.4 կետը ինտերնետով ռուսերեն լեզվով կարող են նայել, թե ինչի մասին է։ «ԳՕՍՏ» փաստաթուղթը տրամադրել է ստանդարտացման եւ չափագիտության կենտրոնը, որ այդ փաստաթուղթը գործում է։ Եվրասիական միության մեջ այդ ստանդարտը գործում է։ Պնդում է, որ ստանդարտը ՀՀ-ում գործում է։ «ԳՕՍՏ»-ը 2017 թվականից ստանդարտացման եւ չափագիտության ազգային կենտրոնի տնօրենի 71-Լ հրամանով ռուսերեն լեզվով գործում է։ Եզրակացությամբ նշվել է, որ խախտվել է «ԳՕՍՏ»-ի այսինչ կետը, ստանդարտի պահանջներով պետք է հրահանգավորվեր։ «ԳՕՍՏ»-ը պարտադիր է եղել «Վիզիթ Լոռի»-ի համար, քանի որ այն պարտադիր է նման կազմակերպությունների համար»։

Դատարանը որոշել է մեղադրյալ Վարդուհի Անանյանին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) ճանաչել անմեղ եւ արդարացնել՝ իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո վերացնել:

Տուժողի կողմից ներկայացված գույքային հայցը՝ մերժել։

Նոյեմբերի 12-ին դատավճիռը բողոքարկվել է մեղադրողի կողմից, նա միջնորդել է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վ. Անանյանին արդարացնելու վերաբերյալ նոյեմբերի 3-ին կայացված դատավճիռը եւ գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղեկալի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ 28.09.2018 թվականին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում է ստացել «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերությունը, որի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության վերաբերյալ գրառում գրանցամատյանում առկա չէ, իսկ 28.09.2018 թվականից մինչեւ օրս գործադիր մարմնի ղեկավարը Վարդուհի Անանյանն է:

Այսինքն, պետք է փաստել, որ նշված օրը տեղի ունեցած ռաֆտինգի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ եղել են Գեւորգ Վարդանյանի հետ, բացի այդ, գործի նյութերում առկա չէ որեւէ պաշտոնական փաստաթուղթ առ այն, որ «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերության, այդ թվում՝ նշված ընկերության տնօրենի կողմից կազմակերպվել է նշված ռաֆտը եւ վերջինս է պատասխանատու եղել այդ գործընթացի համար:

«Առավոտ» օրաթերթ
03.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031