Բեմադրիչը պատրաստվում է իր կուրսի հիմքի վրա մասնավոր թատրոն հիմնադրել
«Բանալիներ հավաքողը» ճանաչված բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած հերթական հետաքրքիր ներկայացումն է, հերթականը, բայց ոչ սովորականը: Գլխավոր դերում Նորա Արմանին է, պիեսի հեղինակը Սամվել Մարտիրոսյանն է: Ներկայացումը ձեւաչափով մենաներկայացում է, բայց բեմադրությանը իրենց մունջ խաղով յուրատեսակ գույն են հաղորդում «Գալյա Նովենց» թատերական դպրոցի՝ Հակոբ Ղազանչյանի կուրսի ուսանողները:
«Սա «Գալյա Նովենց» թատերական դպրոցի միջազգային նախագծերից մեկն էր, պիեսն ավելի քան երկու տարի ձեռքիս էր, անընդհատ հետաձգվում էր: Մեկ մտածում էի մի դերակատարուհու մասին, հետո մյուսի: Վերջապես պիեսի հեղինակը միտք տվեց, որ Նորա Արմանին խաղա: Նորային ուղարկեցի պիեսը, մեծ սիրով համաձայնեց խաղալ։ Պիեսը վերածեցինք արեւմտահայերենի, որ իր համար հեշտ լիներ խաղալը ու այդպես իրականացրինք նախագիծը»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Հակոբ Ղազանչյանը, ում հրավիրում են տարբեր երկրներում բեմադրություններ անելու:
Կարդացեք նաև
«Այս պահին ես նաեւ Թբիլիսիում եմ ներկայացման վրա աշխատում, Ռուսթավելու թատրոնում դեկտեմբերի 17-18-ին պրեմիերան է դրված: Շատ հայտնի հեղինակի՝ Գուրամ Դոչանաշվիլու գործն ենք բեմադրում: Մի խոսքով՝ մի ոտքով Թբիլիսիում եմ, մի ոտքով՝ այստեղ: Մի շրջան «Բանալիներ հավաքողը» Նորայի հետ փորձեցինք, հետո ինքը գնաց, եւ նորից եկավ ու վերջապես իրականացրինք «Գալյա Նովենց» դպրոցի իմ կուրսի ուսանողների հետ: Մենք մեր ռեժիսորական լուծումն ենք տվել Սամվել Մարտիրոսյանի պիեսին»,-ասաց Հակոբ Ղազանչյանը:
«Բավականին շնորհալի երեխաներ են իմ կուրսի ուսանողները, արդեն մեկուկես տարի է՝ աշխատում եմ նրանց հետ եւ շուտով կբացեմ իմ թատրոնը, որը երեւի կկոչվի Հակոբ Ղազանչյանի արվեստանոց: Ծրագրեր շատ կան, այդ կուրսի հետ ունենք 2 ներկայացում, եւ կարծում եմ, որ այդ կուրսը կլինի նոր ստեղծվող թատրոնի հիմքը, թատրոնը կլինի մասնավոր»,-հավելեց Ղազանչյանը:
Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանը, որ ներկա էր պրեմիերային, ասաց, որ տպավորված է բեմադրությամբ. «Ես իբրեւ ոլորտի մարդ՝ գնահատում եմ այն բոլոր դժվարությունները, որոնք հաղթահարվել էին բենադրիչի, գլխավոր դերասանուհու կողմից, թեման թեթեւ չէր, կոմիկական կատակներ չկային, դանդաղ ռիթմ էր հատուկ դադարներով…. մեկ հոգանոց թատրոնը միշտ դժվար է մատուցել: Այդ դժվարությունների մեջ շատ գնահատեցի լարված աշխատանքը, ներկայացումը կենտրոնացած նայում էինք մինչեւ վերջ: Չեղավ, որ հոգնենք, եւս կես ժամ էլ ձգվեր, էլի չէինք ձանձրանա: Շնորհավորում եմ բոլորին, Հակոբ Ղազանչյանին առաջին հերթին, նա կարողանում է գրեթե անկարելի տեքստերից ներկայացում ստեղծել»:
Պիեսի հեղինակ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել ներկայացումից, այն ուղերձները, որ կային պիեսում, դերասանուհին եւ ռեժիսորը հասցրե՞լ են լսարանին: «Հիմնականում ուղերձները պահպանվել էին, կային դրվագներ, որ պիեսից դուրս էին եկել: Բեմադրության մեջ ասես պերֆորմատիվ թատրոնի տարրեր լինեին: Նորա Արմանին բավականին հուզիչ էր խաղում: Ես շնորհակալ եմ եւ դերասանուհուն, եւ Հակոբ Ղազանչյանին, որովհետեւ բավականին երկար ոդիսական անցանք, մինչեւ հասանք այս հանգրվանին»,-ասաց Մարտիրոսյանը:
Նորա Արմանին ասաց, որ ներկայացման մեջ ամփոփված է ոչ միայն այսօրը, այլեւ ընդհանրապես հայերի ճակատագիրը. «Անընդհատ մեզ կործանում են, մեզանից գողանում են, կորուստներ ենք ունենում»: Ինչ վերաբերում է Հակոբ Ղազանչյանի հետ համագործակցությանը, ասաց, որ հաճույքով է աշխատել եւ գոհ է արդյունքից: Հավելեց, որ իր եւ 10 երիտասարդների ներգրավմամբ մարմին առած բեմադրությունը ափսոս է, որպեսզի դուրս չտարվի, ուստի մտածում են այդ ուղղությամբ: Նորա Արմանին չբացառեց, որ նոր նախագծեր կծնվեն Հակոբ Ղազանչյանի հետ համագործակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
03.12.2025






















































