Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը հայ գրականության նոր խոսքում՝ Տիգրան Բաղդասարյանի «Սիրեցավ»

Դեկտեմբեր 04,2025 13:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 2025 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Տիգրան Բաղդասարյանի «Սիրեցավ» գրքի շնորհանդեսը, որը համախմբել էր ընթերցասերների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների եւ այլ հյուրերի։

Միջոցառման բացումն արեց գրքի հեղինակը՝ Տիգրան Բաղդասարյանը՝ հանդես գալով ողջույնի եւ շնորհակալական խոսքով.

«Ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ ձեզ ներկա տեսնել ինձ համար շատ կարեւոր այս միջոցառմանը։ Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր ամեն պահի աջակցել են ինձ, ունենալ տաղանդավոր ընկերներ՝ կյանքում մեծագույն կոչում է։ Շնորհակալ եմ նաեւ ծնողներիս՝ նրանցից ստացած առանձնահատուկ աջակցության համար»։

Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ստեղծվել է սիրո գաղափարի շուրջ. քրիստոնյա մարդը, ըստ նրա, պարտավոր է սիրել կյանքի յուրաքանչյուր պահը, քանի որ «առանց սիրո առաջնայինը կարող է դառնալ չարիքը»։

«Եթե գրքի գոնե մեկ տողում կարողանաք գտնել ինքներդ ձեզ, եւ եթե գոնե մեկ տող ձեզ փոխանցի սեր, ջերմություն եւ կարոտ, ապա իմ աշխատանքը կհամարեմ իմաստավորված», – ընդգծեց հեղինակը։

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ հեղինակի ընթերցմամբ։ Այնուհետեւ խոսքով հանդես եկան մի շարք հյուրեր։

«Ճիշտ է, Տիգրանը միշտ ասում է, որ հպարտությունը մեղք է, բայց ես այսօր թեկուզ մեղք գործելով կասեմ, որ հպարտ եմ քեզանով։ Ուրախ եմ, որ քո գրքի հենց առաջին տողերից կողքիդ եմ եղել, տեսել եմ քո աշխատանքը եւ ցանկանում եմ, որ քո հետագա գրքերն էլ ավելի մեծ սիրո մասին լինեն», – ասաց երգիչ Վարդան Խաչատրյանը։ Երգչուհի, կինոդերասանուհի Լիլիթ Կարապետյանն իր հերթին հավելեց. «Ես անչափ ուրախ եմ, որ մեր կողքին կանգնած է քեզ նման ընկեր՝ մարդ, ում, նույնիսկ, չեմ վախենա կոչել մտավորական, տաղանդավոր եւ հոգով հարուստ»։ Այնուհետեւ նա բոլոր ընթերցողներին մաղթեց հուզումնալից ու խոստումնալից ընթերցում, իսկ հեղինակին՝ լուսավոր եւ բեղմնավոր ստեղծագործական ուղի։ Նկարիչ եւ դիզայներ, «Voskan» բրենդի հիմնադիր Աշոտ Ոսկանյանը նշեց, որ գիրքն արդեն ամբողջությամբ ընթերցել է, քանի որ սկզբում նախատեսվում էր, որ նկարազարդումներով զբաղվելու է հենց ինքը, եւ անհրաժեշտ էր լիովին ծանոթանալ բովանդակությանը։ Սակայն ի վերջո որոշվեց, որ ստեղծագործության պատկերային լեզուն կարող է առավել ճշգրիտ փոխանցել միայն ինքը՝ հեղինակը։

«Գիրքը բավականին էմոցիոնալ է եւ լիովին արտահայտում է Տիգրան Բաղդասարյանի ներաշխարհը։ Համոզված եմ՝ շատերը կարող են իրենց այնտեղ գտնել»։


Հեղինակի մայրը՝ Իրինա Խաչատրյանը, նույնպես կիսվեց իր զգացողություններով՝ նշելով, որ որդու գրական ուղին անակնկալ էր իրենց ընտանիքի համար.

«Մանկուց նա նկարում էր, երգում, հաճախում էր նկարչության։ Պատկերացնում էի, որ հանրության առաջ կկանգնի, բայց ոչ որպես գրքի հեղինակ»։

Նա հավելեց, որ մի օր տանն էր, երբ դուռը ծեծեցին. բացելով տեսավ Տիգրանին՝ իր հետ բերած թղթերով լիքը արկղերով։ Հարցին, թե ինչ արկղեր են, Տիգրանը պատասխանել էր, որ գիրք է գրում։

Երիտասարդ բանաստեղծը նշեց, որ իր ստեղծագործական ուղին, հնարավոր է, չսահմանափակվի միայն բանաստեղծություններով, եւ առաջիկայում միգուցե սպասվեն նորություններ։

«Ես միշտ գրում եմ, բայց գրածներս երբեք պլանավորված չեն. դրանք ծնվում են ինքնաբուխ եւ անկեղծ սրտից։ Երբ իմ ստեղծագործությունները կրկին այնպիսի քանակության կհասնեն, որ կարողանան դառնալ գիրք, անպայման կհրատարակվեն», -ասաց նա։

Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների։

Աննա ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031