Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծվածի նկատմամբ գործ են հարուցել, որ բողոքից հրաժարվի` հաշտության գնա. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2025 10:58

Մոտ 3 ամիս առաջ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունը թնդում էր սոցիալական ցանցերում եւ սոցհարթակներում։ Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան սկանդալային պատմությանը. Թովմասյանի հրահանգով առեւանգել եւ ծեծի էին ենթարկել կադաստրի աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուր Կնյազյանին, նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ։

Կոմիտեից, իհարկե, հերքում էին լուրը, բայց ՆԳՆ-ն հաստատեց, որ ծեծի մասին հաղորդում են ստացել, որն արձանագրվել է եւ ուղարկվել նախաքննական մարմնին։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ տղամարդը ծեծի էր ենթարկվել այն բանից հետո, երբ վրդովված գնացել էր Կադաստրի կոմիտե` կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանելու: Դեպքին նախորդել էր կնոջն աշխատանքից ապօրինի ազատելը։ Վրդովված ամուսինը զանգահարել էր Կադաստրի կոմիտեի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ, բնականաբար, կոշտ որակումներ էին եղել։ Մի քանի ժամ անց, կնոջ պատմելով, ամուսնուն՝ Արթուրին, մի խումբ անձինք առեւանգել էին, տարել անհայտ ուղղությամբ եւ դաժանաբար ծեծի ենթարկել։ Ծեծը շարունակվել էր մի քանի ժամ, եւ դրան մասնակցել էր շուրջ 50 մարդ։ Քննչական կոմիտեից լրագրողներին տեղեկացրել էին, որ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սակայն հաջորդ օրերին պարզվեց, որ նախաքննության մարմինը ոչ թե ծեծն է քննում եւ փորձում խոշտանգողներին հայտնաբերել ու պատժել, այլ քրեական վարույթ է հարուցել զոհի` ծեծված տղամարդու նկատմամբ, իբրեւ թե նա Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնավարմանն է խոչընդոտել` հայհոյել է նրան:

Օրեր առաջ տեղեկացանք, որ կողմերը հաշտության են եկել: Թերեւս, երկրորդ քրեական գործով այնպես են շանտաժ արել, որ մարդը հրաժարվել է ծեծի հետ կապված բողոքից, եւ մի քրգործը մյուսով ջրել են։

Կապվեցինք Վերոնիկայի հետ, որը հաստատեց, որ հաշտություն են կնքել։ Ինչո՞ւ։ Ասաց․ «Ես չեմ ուզում մանրամասնել, ուղղակի էդպես»։

– Վերականգնվե՞լ եք աշխատանքում։

– Ոչ, ոչ։ Դեռ այդ ուղղությամբ չենք աշխատում։

– Ձեզ սպառնացե՞լ են։

– Ես չեմ ուզում այդ մասին խոսել, ուղղակի հաշտեցման եմ եկել, եւ վերջ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031