Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ». 24News

Դեկտեմբեր 04,2025 14:04

24News. Այս օրերին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարաններում քննարկվում են ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրեր՝ խնդիրը շատ ավելի խորքային է։ Խոսքը վերաբերում է այն մեթոդաբանությանը, որով դատախազությունը հաշվարկում է, այսպես ասած, «ապօրինի» համարվող գումարներն ու գույքը։ Այսպես, ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից դատարանում ներկայացված մեկ պարզ օրինակը շատ ավելի հստակ է ցույց տալիս այդ մեթոդաբանության վտանգավոր տրամաբանությունը, քան հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթուղթը։ Բանն այն է, որ դատախազության տրամաբանությամբ նույնիսկ սովորական փոխարժեքի տարբերությունը կարող է հայտարարվել «ապօրինի գումար»։

Ի՞նչ օրինակ է ներկայացվել

Պատկերացնենք շատ պարզ իրավիճակ.
• Քաղաքացին 2008 թվականի օգոստոսի 16-ին օրինական ճանապարհով ստանում է 5000 ԱՄՆ դոլար։ Այդ պահին դոլարի փոխարժեքը, օրինակով, 300 դրամ է։

Այսինքն՝ նա ունի օրինական աղբյուրով ստացված 5000 դոլար, որը դրամով համարժեք է՝
5000 × 300 = 1 500 000 դրամ

• Մեկ տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 16-ին, երբ փոխարժեքն արդեն այլ է՝ 373 դրամ մեկ դոլարի դիմաց, նույն մարդը փոխանակում է իր 5000 ԱՄՆ դոլարը և ստացված գումարով գնում կատարում: Այսինքն՝ դրամով արտահայտված, նա ծախսում է․
5000 × 373 = 1 865 000 դրամ

Այսքանն է ամբողջ պատմությունը․անձն օրինական աղբյուրից ստացել է 5000 դոլար և մեկ տարի անց փոխանակել է նույն 5000-ը դրամի և ծախսել։ Ո՛չ նոր գործարք, ո՛չ նոր եկամուտ, ո՛չ էլ «սև» գումար։
Սակայն հենց այստեղ է սկսվում ամենաաբսուրդային իրավիճակը․ ըստ ներկայացված օրինակի՝ դատախազությունն այս իրավիճակում փոխարժեքի տարբերությունը՝ 365 000 դրամը, դիտարկում է որպես ապօրինի գումար։

Որտեղի՞ց «ապօրինի» 365 000 դրամը

Եթե քայլ առ քայլ հաշվենք, ապա.
• Սկզբում մարդն ունի 1 500 000 դրամի համարժեք օրինական գումար։
• Մեկ տարի անց նույն 5000 դոլարը դրամով արդեն «արժե» 1 865 000 դրամ։

Տարբերությունը շատ պարզ է․
• 1 865 000 − 1 500 000 = 365 000 դրամ
Այս 365 000 դրամը ոչ թե նոր ստացված գումար է, ոչ թե նոր գործարք կամ եկամուտ, այլ միմիայն փոխարժեքի փոփոխության հաշվարկային արդյունք։

Այլ կերպ ասած՝ մարդը ոչինչ չի արել․
• չի ստացել լրացուցիչ գումար,
• չի կատարել նոր եկամուտ առաջացնող գործողություն։
Բայց մեթոդաբանության աղավաղված տրամաբանությամբ թղթի վրա առաջացած թվային տարբերությունը վերածվում է «ապօրինի ծագում ունեցող գույքի»։

Եթե այսօր դատարաններում լուրջ դեմքերով քննարկվում են հաշվարկներ, որտեղ պարզ փոխարժեքի տարբերությունը հայտարարվում է «ապօրինի գումար», ապա պետք է հնչեն շատ հստակ հարցեր․

• Ինչպե՞ս է նման մեթոդաբանությունը հաստատվել և ընդունվել դատախազության կողմից։
• Ո՞վ է պատասխանատու այն սահմանելու և կիրառելու համար։
• Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող է դատարանը նման հաշվարկի հիման վրա արդար և վստահելի որոշում կայացնել։

Երբ փոխարժեքի սովորական տատանումը հայտարարվում է «ապօրինի եկամուտ», դա ոչ միայն մասնագիտական անլրջություն է, այլև լուրջ նախազգուշացում հասարակությանը։

Ժամանակն է, որ թե՛ հանրությունը, թե՛ մասնագիտական համայնքը, և, առաջին հերթին, դատարանները շատ ավելի խիստ հայացքով նայեն այս մեթոդաբանությանը։ Եվ եթե այն չի դիմանում տարրական տրամաբանության և արդարության քննությանը, ապա նման հաշվարկներով պետք չէ գույք բռնագանձել․պետք է հենց մեթոդաբանությունն ուղարկել վերամշակման։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031