Ermenihaber. «Türkiye Sigorta»-ն ընկերությունը հրապարակել է Թուրքիայի ջրային ռեսուրսների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող տարեկան վերականգնվող ջրի քանակը նվազել է մինչև 1400 խմ-ի, ինչի պատճառով երկիրը հայտնվել է «ջրի սթրես» ունեցող երկրների խմբում։
ՄԱԿ-ի և համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության ամեն 3 մարդուց 2-ն արդեն ապրում են ջրային ռեսուրսների խիստ սակավության ներքո։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայի ջրի սպառման 70 տոկոսը կատարվում է գյուղատնտեսությունում, ինչն անհրաժեշտ է դարձնում մշակաբույսերի համար ջրի արդյունավետ կառավարման և խելացի ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը։ Ըստ ուսումնասիրության՝ կլիմայի փոփոխությունն ու մարդկային գործոնն առաջիկա տասնամյակներում էլ ավելի կսրեն ջրային ճգնաժամը։
«Türkiye Sigorta»-ն ընդգծում է, որ ջրային ռեսուրսների ռիսկերն օրեցօր վերածվում են ֆինանսական կայունության խնդրի․ ապահովագրական և բանկային ոլորտները պետք է անցնեն ջրային ռիսկի վրա հիմնված նոր վարկային ու ապահովագրական մոդելների։ Հաշվետվությունը նաև կոչ է անում Թուրքիային ուժեղացնել տարածաշրջանային ջրային դիվանագիտությունը, քանի որ անդրսահմանյան ջրերը, ինչպիսիք են Եփրատ-Տիգրիս, Նեղոս և Ինդոս գետերի ավազանները, ստանում են ռազմավարական մեծ նշանակություն։


















































