Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիեւին պատերազմ սկսելու համար սպիտակ քարտ է տվել՝ չգնալով բանակցությունների․ այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ անդրադարձավ օրերս կառավարության հրապարակած արցախյան բանակցային փաստաթղթերին։
Ըստ Լեւոն Զուրաբյանի, արցախյան հարցի կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակից հետո, 2019 թվականին առաջարկված լուծման տարբերակը լավագույնն էր։ Նա համեմատականներ անցկացրեց երկու առաջարկների միջեւ․ իր բնութագրմամբ, երկու տարբերակներն էլ հիմնված են կարգավիճակի հարցը կասեցված թողնելու, բայց խաղաղություն հաստատելու հայեցակարգի վրա․ «Ստեղծել մի իրավիճակ, երբ Արցախում մարդիկ կապրեն այնպես, ինչպես սովորաբար, միայն խաղաղության մեջ։ Հայկական եւ ադրբեջանական կողմերը չեն կարող համաձայնության գալ կարգավիճակի հարցի շուրջ. նման լուծում հնարավոր չէ։ Հետեւաբար, միակ իրատեսական տարբերակը կարգավիճակի հարցը թողնելն է՝ լուծելով մյուս հարցերը։ Քայլ առ քայլ լուծումը առավելություն էր, քանի որ այն ԼՂ-ն դիտարկում էր որպես սուբյեկտ։ Ի տարբերություն 2019-ի առաջարկի, 1997 թվականի ծրագիրը պահանջում էր, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԼՂ-ն ստորագրեն այն։ Սա նշանակում է, որ այն ԼՂ-ն անմիջապես դառնում էր միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ»։
Լեւոն Զուրաբյանը նկատեց՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծվել է հանրաքվեով, ինչի մասին նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ասում էր, որ «մոռացել եք Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն»։ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ ՀՀ նախկին բոլոր երեք ղեկավարները կամ համաձայնում էին հայկական եւ արցախյան կողմի շահերից բխող նախագծերին, կամ փորձում էին ձգձգել բանակցությունները, եթե առաջարկները հակասում էին շահերին․ «Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Ալիեւին քարտ-բլանշ տվեց, միջազգային հանրությունը քարտ-բլանշ տվեց Ալիեւին՝ տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ բանակցությունների։ Նույնիսկ 5 միլիարդ էին առաջարկում։ Եվ դա ինչո՞վ էր վատ։ Կզարգացնեին ԼՂ-ն, Հայաստանը, իսկ ադրբեջանական զորքերը չէին մոտենա մեր սահմաններին»։
Լեւն Զուրաբյանի բնութագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է էֆթանազիայի՝ որպեսզի դանդաղ, չտանջվելով մահանա․ «Բոլորին հիմարի տեղ է դնում, իսկ հիմարը ինքն է։ Գիտելիքներ չունենալով՝ ձեռնամուխ է եղել երկիրը ղեկավարելուն։ Միայն մի անգրագիտությունը բավական էր երկիրը նման վիճակի հասցնելու համար»։
Կարդացեք նաև
Նա հիմարության անվանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե համանախագահներից բանակցային արդյունքի վերաբերյալ սեղմագիր է պահանջել։
Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական իմաստով, դավաճանության կատարման վարկածը, Լեւոն Զուրաբյանը քննելի է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































